21/03/2019 19:53
Վարազդատ Կարապետյանի ընտանիքին պատկանող սեփականությունն էլ կբռնագանձվի՞
Մարտի 19-ին կայացած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործնական քայլեր են իրականացվելու ժամանակին օտարված հողերը վերադարձնելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել օլիգարխներին՝ «վերադարձնել կողոպտվածը»:
«Մենք քաղաքավարի խնդրեցինք, նրանք մերժեցին: Շատ լավ: Մենք մանրամասն ծանոթացել ենք հանգամանքներին և արդեն քրեական գործեր են հարուցված: Անկասկած կապացուցվի, որ չարաշահումներ են տեղի ունեցել», - ասուլիսում հայտարարել էր վարչապետը։
Թեմայի շրջանակներում նախօրեին հարցազրույց է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։ Կարծիք հայտնելով օտարված հողերն ինքնակամ վերադարձնելու մասին՝ նա, մասնավորապես, հայտարարել է. «Եթե մի քանի օրինակ ունենանք ինքնակամ վերադարձնելու կամ ոչ ինքնակամ վերադարձնելու, կարծում եմ, որ գործընթացը կգնա, և մարդիկ կհասկանան, որ ինքնակամ չվերադարձնելու դեպքում բռնի վերադարձի տարբերակները կքննարկվեն։ Այսինքն՝ կարծում եմ, որ այո՛, եթե մենք ունենանք օրինակներ, մենք դրանից հետո ինքնակամ վերադարձի դեպքեր շատ կունենանք»։
Վերը նշված երկու հայտարարություններում էլ սպառնալիքի պակաս չի զգացվում։ Վարչապետը վստահ է, որ գործ հարուցելու դեպքում չարաշահումներն «անկասկած կապացուցվեն», իսկ նրա նախկին խորհրդական ու ներկայիս խորհրդարանական Վարազդատ Կարապետյանն էլ վստահեցնում է, որ կքննարկեն «բռնի վերադարձի տարբերակները»։
Հայաստանում սեփականաշնորհման գործընթացն առհասարակ և հատկապես արտադրական ձեռնարկությունների ու հողի, ինչպես նաև պետական գույքի օտարման գործընթացներն արդար որակել չի կարելի։ Բոլորին է հայտնի՝ օրվա պաշտոնյան իր լիազորություններից բխող արտոնությունները, որպես կանոն, ծառայեցրել է սեփական կապիտալը մեծացնելու գործին։ Եվ կապիտալի չափն էլ պայմանավորված է եղել զբաղեցրած դիրքով. դատավորի վարորդն աճուրդից մեքենա է գնել, թաղապետը համայնքապատկան հողը վարձակալել է 99 տարով, նախարարը մի ամբողջ վարչական շենք է սեփականաշնորհել և այլն։ Օգտվել են բոլորը։ Ով՝ ինչպես կարողացել է։ Քիչ չեն նաև պաշտոնյաները, ովքեր հաջողացրել են իրենցով անել մի ամբողջ սար կամ ձոր։ Հասկանալի է, որ եթե խնդիր դրվի հետ վերադարձնել այդ ամենը, այն էլ՝ իրավապահների ներգրավմամբ, որևէ դժվարություն չկա։ Չէ՞որ դատարաններն այլևս զանգերով չեն վճիռ կայացնում։ Բայց սա վտանգավոր ճանապարհ է։ Այն պարզ պատճառով, որ ստիպված ենք լինելու անվերջ հետ գնալ ու կասկածի տակ առնել յուրաքանչյուրի սեփականության իրավունքը։
Չի բացառվում, իհարկե, և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Վարազդատ Կարապետյանը պնդեն, որ իրենց հրապարակային հայտարարությունները ոչ մի սպառնալիք էլ չեն պարունակում և իրենք ընդամենը կոչ են արել ինքնակամ վերադարձնել «կողոպտածը»։ Չի բացառվում։ Այս դեպքում սակայն մի առաջարկ է հասունանում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Վարազդատ Կարապետյանն ինքը ինքնակամ հանձնման առաջնեկ դառնա ու իր օրինակով ճիշտ վարքագծի ուղենիշ սահմանի։
Սևանա լճի ափին՝ Չկալովկա համայնքի տարածքում, գործում է «Բաշինջաղյան» հյուրատուն-թեյարանը։ Այն բավականին հարմարավետ ու ճաշակով կառուցված զբոսաշրջային կենտրոն է, որ աստիճանաբար գրավում է Հայաստան ու հատկապես Սևան այցելող զբոսաշրջիկներին։
Հյուրատուն-թեյարանը կառուցել և շահագործում է «Ծովածոց» ՍՊԸ-ն, որն ըստ ՀՀ պետռեգիստրի տվյալների, պատկանում է Ազատ Կարապետյանին։ Վերջինս թեև ընկերությունը գրանցել է 18 տարի առաջ՝ 2001-ի փետրվարին, սակայն գրավիչ բիզնես գործունեությունը մեկնարկել է ընդամենը վերջերս՝ 3-4 տարի առաջ։ Հատկանշական է, որ Ազատ Կարապետյանին պատկանող բիզնեսը սկսել է ծաղկել ճիշտ այն ժամանակ, երբ որդիներից մեկը՝ Երվանդը, զբաղեցնում էր Չկալովկայի գյուղապետի, իսկ մյուսը՝ Վարազդատը, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ Չկալովկայի ափին գյուղական տուրիզմի կենտրոն կարող էր կառուցել յուրաքանչյուր միջին չկալովկացի, սակայն փաստն այն է, որ դա հաջողվել է միայն Ազատ Կարապետյանին, ում մրցակցային առավելություններն, ի դեմս պաշտոնյա որդիների, ուղղակի ցցուն են։
Հասկանալի է, որ ընթացակարգային առումով որևէ խնդիր չկա։ Ըստ ամենայնի՝ համայնքապատկան հողի վարձակալությունն էլ, քաղաքաշինական ու բնապահպանական փորձաքննությունն էլ, ծրագրի իրագործման բիզնես-պլանն էլ, կենտրոնի կառուցապատումն էլ ֆորմալ առումով իրականացվել են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Բայց մենք ապրում ենք Հայաստանում և հասկանում ենք՝ ինչպես են գործում մեխանիզմները։ Եվ եթե մի օր իշխանափոխություն լինի, և նոր իշխանությունները որոշեն առաջնորդվել Վարազդատ Կարապետյանի մտածողությամբ, նրանք անպայման կհայտնաբերեն, որ օրինակ՝ հողի վարձակալության աճուրդը կազմակերպվել է նորմերի խախտմամբ, իսկ Սևանի ափին կատարված շինարարությունը կոպտորեն խախտում է սահմանված նորմերը։ Իհարկե, սեփականատերը կպնդի, որ հիմնական շինությունները գտնվում են 1905 մետր բացարձակ նիշից վերև (ինչպես օրենքն է պահանջում), բայց օրվա դատախազին ոչինչ չի խանգարի պատրաստել մի փորձաքննության եզրակացություն, որով ցույց կտա, որ արհեստական հողալցման միջոցով լճի ափամերձ հատվածի բարձրությունը հասցվել է 1905 մետրի։ Կարևորը՝ կամքը լինի։
Հատկանշական է, որ Վարազդատ Կարապետյանի եղբայրը՝ Երվանդ Կարապետյանը, ով մինչ այդ առանց որևէ խոչընդոտի ընտրվում էր Չկալովկայի գյուղապետ, 2016-ին աշնանը պարտվել է համայնքի ղեկավարի ընտրություններում։ Իսկ դրանից երկու-երեք ամիս առաջ «Ծովածոց» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարությունից շինարարություն անելու թույլտվություններ է ստացել։ Դատելով ամենայնից՝ չկալովկացիները պարզապես մերժել են նրան՝ գյուղատակի հողերը սեփականացնելու պատճառով։
Իսկ թե ինչ կապ ունի Վարազդատ Կարապետյանը «Բաշինջաղյան» թեյարանի հետ, կարելի է հարցնել չկալովկացիներին։ Նրանցից անկեղծներն անպայման կպատմեն, որ գաղափարի հեղինակն ու շինաշխատանքներին հետևողը հենց նա է եղել։