22/03/2019 14:02
Գոլանի բարձունքները հայտարարելով Իսրայելի տարածք՝ Թրամփը փորձում է չեզոքացնել իրանական ազդեցությունը. արաբագետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Միացյալ նահանգները Գոլանի բարձունքները կարող է ճանաչել որպես Իսրայելի մի մաս, ավելի կլարի տարածաշրջանում առկա իրավիճակը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
«Իհարկե, երկար ժամանակ է՝ այդ տարածքում իսրայելական զորքերն են կանգնած, սակայն այդ թեման լրացուցիչ կերպով հրահրելը կամ տարածաշրջանում կայունության համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելը հղի են լուրջ հետևանքներով։ Գոլանի բարձունքներն Իսրայելի բաղկացուցիչ մաս ճանաչելն էլ ավելի կթեժացնի իրավիճակը։ Թեև Սիրիան մշտապես հայտարարում է, որ պատրաստ է հետ բերել Գոլանի բարձունքները, այս պահին ինչ-որ բախումներ կանխատեսելը սխալ կլինի», - ասաց մեր զրուցակիցը։
Սարգիս Գրիգորյանը միաժամանակ նկատեց, որ Սիրիան այս պահին Գոլանի բարձունքները հետ բերելու հնարավորություն չունի։ Իսրայելն իր հերթին նշված տարածքում տարիներ շարունակ լուրջ ներդրումներ է կատարում։
Արաբագետը չբացառեց, որ Սիրիա-Իսրայել առճակատումից զատ՝ Գոլանի բարձունքների թեման խորացնի Իսրայելի նկատմամբ տարածաշրջանի մահմեդական մյուս երկրների բացասական վերաբերմունքը ևս։
Հարցին՝ ինչո՞ւ է ԱՄՆ նախագահը նման վիճահարույց հայտարարություն անում՝ լավ պատկերացնելով դրա հնարավոր բացասական հետևանքները, արաբագետը նկատեց՝ Դոնալդ Թրամփը, Գոլանի բարձունքների մասին խոսելով, նախևառաջ, ուղերձ է հղում Իրանին։
«Թրամփի վարչակարգին բնորոշ է Իրանի դեմ բավական լուրջ և կտրուկ գործողություններ իրականացնելը։ Սա քայլերից մեկն էր՝ տարածաշրջանում թուլացնելու այդ երկրի ազդեցությունը։ Հայտնի է, որ Գոլանի բարձուքններին սահմանակից սիրիական հատվածում բավական լուրջ էր Իրանի և հատկապես «Հզբոլլահի» ազդեցությունը։ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելը միտված է նաև նրան, որ արդարացվեն Սիրիայի կոնկրետ այդ հատվածում Իսրայելի օդային հարվածները, ռազմական մյուս գործողությունները։ Այսինքն՝ Գոլանի բարձունքները հայտարարելով Իսրայելի տարածք՝ Թրամփը փորձում է դրա հարակից հատվածներում չեզոքացնել իրանական ազդեցությունը», - ասաց Սարգիկս Գրիգորյանը։
Արաբագետի խոսքով՝ չպետք է, սակայն, անտեսել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն փորձում է Իսրայելն օգտագործել որպես գործիք՝ տարածաշրջանում Միացյալ նահանգների ազդեցությունը ուժեղացնելու համար։ Մեր զրուցակցի համոզմամբ, նույն տրամաբանության մեջ էր նաև Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախաձեռնությունը։
Զրույցի վերջում Սարգիս Գրիգորյանն ընդգծեց, որ Գոլանի բարձունքներն, աշխարհաքաղաքական կարևոր միավոր լինելուց բացի, նաև տնտեսական լուրջ ռեսուրս են ներկայացնում՝ հատկապես խմելու ջրի մեծ պաշարներով։
Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքները մինչ 1967 թվականն ընդգրկված են եղել Սիրիայի կազմում: 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ տարածքն անցել է Իսրայելի վերահսկողության տակ։ 1973 թվականի պատերազմում տարածքների մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ Ե՛վ Իսրայելը, և՛ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։