22/03/2019 18:30
Գոլանի բարձունքների խնդրի արծարծումը լրջորեն լարելու է տարածաշրջանային իրավիճակը. Վարդան Ոսկանյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների խնդրի արծարծումը լրջորեն լարելու է տարածաշրջանային իրավիճակը։ Ակնհայտ է, որ միակողմանի քայլերով իրավիճակի կայունացում ակնկալել չի կարելի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ առաջնորդի այն հայտարարությանը, որ Միացյալ նահանգները Գոլանի բարձունքները կարող է ճանաչել որպես Իսրայելի մի մաս։
«Տարբեր պետությունների շահեր բախվում են, և այս համատեքստում Թրամփի վարչակարգը, կածես թե, առաջնորդվում է այն ուղեծրով, որտեղ առաջնային են դիտարկվում իսրայելական շահերը», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ կարող է արդյոք Միացյալ նահանգների ղեկավարի այս հայտարարությունը հանգցնել կողմերի միջև լուրջ բախումների, Վարդան Ոսկանյանը պատասխանեց՝ պատերազմական իրավիճակ դժվար ստեղծվի, սակայն մշտապես «կռվախնձոր» եղած Գոլանի բարձունքների պատճառով տեղային խնդիրները բացառված չեն։
Վարդան Ոսկանյանն անդրադարձավ նաև հիմնախնդրում իրանական գործոնին՝ ընդգծելով, որ իրանական ներկայությունը Սիրիայի հարավում ակնհայտորեն նկատելի է։
«Եթե դա ուղիղ ներկայություն չէ, ապա՝ միջնորդավորված. իրանական արբանյակների միջոցով այդ ներկայությունը կա, և բնական է, որ Իսրայելն ու նրա դաշնակից Միացյալ նահանգներն անհանգստացած են այդ փաստից։ Բայց կարծում եմ՝ մի կարևոր հանգամանք կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ Սիրիայում իրանական ներկայությունը կայունացնող դերակատարություն ունի։ Եթե մենք մի պահ պատկերացնենք Սիրիան՝ առանց իրանական աջակցության, ապա ակնհայտ է, որ այս պետությունը միգուցեև գոյություն չունենար, և առկա լիներ ծայրահեղ իսլամիստական կառույցների տիրապետություն», - նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ եկել է ժամանակը Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի մի մասը:
Նա նշել է, որ դրանք չափազանց կարևոր և ռազմավարական նշանակություն ունեն, ինչպես նաև մեծ կարևորություն ունեն իսրայելական պետության և տարածաշրջանային անվտանգության համար:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Գոլանի բարձունքներում հրեական պետության ինքնիշխանությունը ճանաչելու պատրաստակամության համար:
Գոլանի բարձունքները մինչ 1967 թվականն ընդգրկված են եղել Սիրիայի կազմում: 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ տարածքն անցել է Իսրայելի վերահսկողության տակ։ 1973 թվականին պատերազմում տարածքների մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ Ե՛վ Իսրայելը, և՛ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։