22/03/2019 11:29
Ոչ ոք պետությանը գումար չի նվիրում, նրանք վերադարձնում են պետությունից գողացված գումարները. ԱԱԾ տնօրեն
Հայտարարությունները, թե որոշ անձինք պետությանը գումարներ են նվիրում, չի համապատասխանում իրականությանը, այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ, նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները», - հայտարարեց Ա.Վանեցյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե դրանք կատարվում են օրենքի սահմաններում, այնպես չէ՞, ԱԱԾ տնօրենը դրական պատասխան տվեց:
Ա.Վանեցյանը հստակ անուններ չմատնանշեց, բայց ամենայն հավանականությամբ, խոսքը Ալեքսանդր Սարգսյանի մասին է։ Նշենք, որ վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետությանն է փոխանցել 19 մլն դոլար։