22/03/2019 19:14
Նորա Գրիգորյանը և Էրվին Ամիրյանը սպասում են երրորդ զավակի լույս աշխարհ գալուն. խորհրդավոր երազն ու երազանքի իրականացումը
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմադրիչ Նորա Գրիգորյանն ու նույն թատրոնի դերասան Էրվին Ամիրյանը սպասում են իրենց երրորդ բալիկի լույս աշխարհ գալուն: Aysor.am-ի հետ զրույցում բեմադրիչը խոստովանեց՝ այս բալիկը որքան անսպասելի, այնքան էլ սպասված է իր համար, և դա իր պատճառներն ունի:
«Ամուսնուս և ինձ համար երրորդ երեխան չպլանավորած էր, բայց այնքա՜ն սպասելի դարձավ: Երբ հայրս մահացավ (Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին՝ հեղ.), քույրս՝ Աննա Գաբրիելյանը, երազ էր տեսել. հայրս նրան ասել է՝ Նորային ասա, որ նոյեմբերին ամեն ինչ լավ կլինի, երեխայի անունը արդեն հանգիստ կարող է Սաշա (Ալեքսանդր) դնել, արդեն կարելի է… Ես այնքան էլ ուշադրություն չդարձրեցի այդ երազին, հատկապես, որ այդ նոյեմբեր ամսին իմ կյանքում ոչինչ չփոխվեց: 2018-ի նոյեմբերի 29-ին Յոշկար Օլայում կայացած թատերական փառատոնից հաղթանակած վերադարձանք Երևան, ու հենց այդ օրն էլ իմացա, որ հղի եմ: Միանգամից հիշեցի քրոջս երազն ու հորս խոսքերը: Ես անընդհատ եմ կրկնում, որ նա իմ կողքին է: Սա իմ ամենամեծ պարգևն է, հնարավորություն ունեմ չասված խոսքերս ու սերս նվիրել Սաշին», - հուզմունքով պատմեց Նորա Գրիգորյանը:
Ի դեպ, 2,5 տարի առաջ, երբ ծնվեցին Նորայի զույգ բալիկները, ամուսիններն ուզում էին իրենց որդու անունը Ալեքսանդր դնել՝ ի պատիվ մորական պապիկի, սակայն ՀՀ ժողովրդական արտիստն ասել էր՝ դեռ ժամանակը չէ, ու խնդրել՝ թոռնիկին Կոնստանտին անունը տալ:
Աղջիկ, թե տղա՝ ամուսինների համար 3-րդ զավակի սեռն էական չէր, հատկապես, որ ընտրված անունը հնարավորություն էր տալիս երկու սեռի երեխաներին էլ կրել այն: Ալեքսանդրան լույս աշխարհ կգա ամռանը:
«Մենք անհամբեր ենք սպասում մեր բալիկի հետ հանդիպմանը: Աղջիկ է՝ Ալեքսանդրա: Անունը ամուսնուս հետ նույնիսկ չենք էլ քննարկել, մեզ համար ի սկզբանե պարզ էր: Երջանիկ եմ, որ այդպիսի ամուսին ունեմ: Նա ինձ համար հրաշալի, ավագ ընկեր է, ամեն ինչ հասկանում է», - նշեց մեր զրուցակիցը:
Հղիության 5-րդ ամսում գտնվող բեմադրիչն իրեն լավ է զգում: Ասում է՝ զույգ բալիկներից հետո այս հղիությունը թեթև է անցնում: Հետևում է սննդակարգին, ու դեռ ոչ մի գրամ քաշը չի ավելացրել: Ապագա բազմազավակ մայրիկի կարգավիճակն էլ արդեն սկսում է գայթակղել:
«Հղիությունը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի փոփոխական, բոլորովին նոր պրոցես: Օրգանիզմը պետք է կարողանալ ճիշտ սնուցել, ու ես սննդակարգին շատ մեծ ուշադրություն եմ դարձնում: Երբեք չեմ պատկերացրել, որ զույգերի մամա կլինեմ, առավել ևս՝ բազմազավակ մայր կդառնամ: Բայց, ինչ խոսք, հաճելի է: Գիտեք, այնպես էի իրար խառնվել, երբ իմացա հղիությանս մասին: Ինքս կենտրոնացած եմ աշխատանքի վրա, հասկանում էի, որ հղիությյան ընթացքն ու նորածին երեխան մեծ պատասխանատվություն են, եթե օգնություն չունենամ՝ չեմ կարողանա զբաղվել իմ սիրած գործով՝ բեմադրությամբ: Բայց Էրվինի խոսքերն ինձ հանգստացրեցին և հավատ ներշնչեցին: Ասաց՝ ամեն ինչ ճիշտ է ընթանում: Ես օգնականների հրաշալի խումբ ունեմ՝ մորս, սկեսուրիս ու ամուսնուս գլխավորությամբ: Ու հիմա շարունակում եմ «Ինքնասպանը» ներկայացման փորձերը, որի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 6-ին և 7-ին», - ընդգծեց Ն. Գրիգորյանը:
Ծննդաբերությունից հետո էլ, ինչպես և նախորդ անգամ, Նորա Գրիգորյանը երկարատև արձակուրդ չի գնալու: Նկատում է՝ թատրոնում իրեն հասանելիք արձակուրդի ընթացքում է բալիկը ծնվելու, ու նոր թատերաշրջանից նա արդեն աշխատանքի կգնա: Պլանները շատ են՝ և՛ մտահղացումներ կան, և՛ արդեն սկսված աշխատանքներ, որոնց մասին դեռ չի խոսի:
«Ես հակված եմ այն մտքին, որ մայրն ինքն է որոշում երեխաների ռեժիմը, ու պետք է այնպես անի, որ այդ ռեժիմի գերին չդառնա: Իմ երեխաներն իդեալական հասկանում են, որ «мама идет на работу», և ինձ ճանապարհում են ժպիտով: Վստահ եմ ուժերիս վրա, գիտեմ, որ երեք զավակներս ինձ միայն կօգնեն: Ամեն ինչ մայրիկից է կախված, ասում են չէ՞, որ եթե մայրը լավ է, երեխաներն էլ լավ են: Կկրկնվեմ ու կասեմ՝ ամուսինս էլ շատ լավ գիտակցում է իմ սերն ու քաղցը մասնագիտությանս հանդեպ, միշտ աջակցում է ինձ ու օգնում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:
Aysor.am-ը կյանքի գեղեցիկ իրադարձության կապակցությամբ շնորհավորում է Նորա Գրիգորյանին և Էրվին Ամիրյանին: