23/03/2019 13:57
Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ)
Համապետական շաբաթօրյակից այսօր անմասն չէին մնացել նաև Արցախի Հանրապետության երիտասարդները: Մարտակերտի և Շահումյանի շրջանների 6 համայնքներից 14 աշակերտ և ուսումնամարզական հավաքների մասնակցելու նպատակով այս օրերին Երևանում գտնվող Արցախի Հանրապետության ազատ ոճի 15 ըմբշամարտիկ այսօր շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրեց Եռաբլուր պանթեոնում:
Մարտակերտ շրջանի Չափար գյուղի բնակիչ Սերգեյ Եփրեմյանը, ով կազմակերպել էր աշակերտների շաբաթօրյակը, նշեց, որ Եռաբլուրն են ընտրել, քանի որ այստեղ ամփոփված են հերոսների շիրիմները:
«Միջոցառման խորհուրդն իմ կարծիքով նրանում է, որ հասարակությունը կարծես թե մոռանում է առօրյա հոգսերը, քաղաքականությունը ու մի փոքր բնության, հայրենի հողի հետ է խոսում», - ասաց նա:
Երիտասարդները պատմեցին, թե ինչու է իրենց համար կարևոր հենց այս վայրում իրականացնել շաբաթօրյակ՝ նշելով, որ սա լավ նախադեպ կարող է լինել նաև ապագա սերունդների համար, որը հնարավորություն կընձեռի ընկերական կապեր հաստատել ԼՂ և ՀՀ երիտասարդների միջև:
Մանրամասները՝ տեսանյութում