25/03/2019 13:25
Մատաղիսի գործի բացահայտման հարցում պետք է շահագրգիռ լինի 3 մլն մարդ և ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը. Կարծիքներ
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը օրերս «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Մատաղիսի հայտնի քրեական գործի վերաբերյալ սենսացիոն հայտարարություն էր արել:
«Մատաղիսի զորամասում կատարվածից անցել է 15 տարի, և երկու զինվորականների սպանությունը չբացահայտված է մնացել», - հարցազրույցում ասել է Ջհանգիրյանը: Մեկնաբանի դիտարկմանը, թե ըստ դատավճռի, սպանության մեջ մեղադրվողները դատարանի որոշմամբ անմեղ են ճանաչվել, Ջհանգիրյանը արձագանքել է. «Ոչ, նրանք անմեղ չեն ճանաչվել, այլ արդարացվել են ապացույցների անբավարարության պատճառով: 6-7 տարի է, այդ գործով ակտիվ քննարկման գործողություններ չեն իրականացվում: Դե բնական է, երբ Քննչական կոմիտեի ղեկավարը Աղվան Հովսեփյանն էր, չէի կարող պահանջել չգիտեմ՝ ինչ անել: Բայց մեր հետագա նշանակված երկու դատախազներից Կոստանյանի ժամանակ այդ գործը դատարանում քննվել է և նույն մեղադրյալների նկատմամբ նույն մեղադրանքն է հաստատվել, ուղարկվել դատարան: Ես վերջերս դիմել եմ մեր քննչական կոմիտեի նոր նախագահին, խնդրել եմ, որ այդ գործով ակտիվ քննություն իրականացվի, պարզվի՝ ովքեր են ի վերջո մարդասպանները: Լավ, ենթադրենք դրանք (նկատի ունի նախկին մեղադրյալ երեք տղաներին) չեն, բայց եթե դրանք չեն, ուրիշները չէ՞ պետք է լինեն: Երկու անմեղ զինվոր է սպանվել: Ես ինքս շահագրգիռ եմ, որ բացահայտվի», - լրատվամիջոցին ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:
Նկատենք՝ Արցախի Մատաղիս գյուղում 2004-ի հունվարին երկու զինծառայող էր սպանվել՝ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը. Նրանց մարմինները հայտնաբերվել էր ջրամբարում: Ծառայակիցներին սպանելու համար մեղադրվում էին երեք երիտասարդներ՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը: Լեռնային Ղարաբաղի դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատավճիռը բողոքարկել են և՛ ամբաստանյալները՝ չընդունելով հանցանքը, և՛ տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, որին չի գոհացրել պատժաչափը: Քրեական վերաքննիչ դատարանը, կրկին քննության առնելով գործը, 15 տարվա ազատազրկումը փոխարինել էր ցմահ ազատազրկումով:
Այդուհանդերձ, երկար մղձավանջից հետո Վճռաբեկ դատարանը 2006-ին բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած ցմահ ազատազրկման դատավճիռը և կալանքից ազատել ավելի քան 2 տարի 8 ամիս նախնական կալանքի տակ գտնվող երեք ամբաստանյալներին: Վճռաբեկ դատարանն անբավարար էր համարել Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերված նույն զորամասի զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ նրանց մեղադրելու ապացույցները: Ի դեպ, Հայաստանում սա առաջին դեպքն էր, երբ ցմահ ազատազրկման դատավճիռը փոխարինվում է արդարացման դատավճռով:
Սկսվում է նույն գործով մեկ այլ՝ նոր քննություն, որն ավարտվում է 2012-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վճռով: Սպանված զինծառայողներից Մովսես Մկրտումյանի ծնողները ևս չէին հավատում, որ երեք տղաներն են սպանել իրենց որդուն: Այս վճռից հետո, երբ քրեական գործն անցնում է բողոքարկման փուլերը, այն դարձյալ ուղարկվում է նոր քննության: Սակայն մինչ այժմ նախաքննության ընթացքից որևէ ծպտուն չկա:
«Այդ գործը պետք է այնքան քննվի, մինչև կատարողները հայտնաբերվեն, դրանում ոչ մի խոսք, ոչ մի կասկած», - Aysor.am-ի հետ զրույցում ասում է երեք տղաների շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ դատական վճռի մեջ դատարանը մանրամասն անդրադարձել է կատարվածին, բոլոր փաստարկները տարիներ շարունակ քննվել են և ոչ մի կասկած չի մնացել երեք մեղադրյալների անմեղության մեջ:
Փաստաբանը նկատում է, որ Մատաղիսի գործի նոր քննությունը շատ պասիվ է ընթանում և այդ սպանության բացահայտման հարցում պետք է շահագրգիռ լինի 3 մլն մարդ և ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը:
«Պիտի քննվի ակտիվորեն, պիտի քննվի բազմակողմանի, բայց չպետք է արհեստական վարկած ստեղծվի ու գործի նյութերը հարմարեցվեն այդ նոր վարկածին, ինչպես դա տեղի էր ունեցել նախկինում», - նշում է փաստաբանը:
Արայիկ Զալյանը, որն այս գործով նախկին մեղադրյալ էր, այժմ հաջողակ իրավաբան է ու զբաղվում է Լոռու մարզում մարդու իրավունքների պաշտպանությամբ: Ասում է՝ նախկին մեղադրանքը պնդելու մասին Ջհանգիրյանի հայտարարություններն իր համար տարօրինակ չեն: Զալյանը և գործով մյուս նախկին մեղադրյալները Մատաղիսի քրեական գործի ձախողման գլխավոր մեղավորը համարել են հենց Գագիկ Ջհանգիրյանին, որն այդ ժամանակների զինվորական դատախազն էր: Զալյանը պնդում է այդ դիրքորոշումը. «Ինքն է եղել զինդատախազը, ո՞ւմ մեղադրենք»:
Ինչ վերաբերում է Մատաղիսի գործի բացահայտմանը, Զալյանի խոսքով, դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք: «Եթե այս ամենի արդյունքում այդ կամքը չգտնվեց ու չբացահայտվեց երկու զինծառայողների դաժան սպանությունը, ուրեմն մեր երկրում ոչ մի բան չի փոխվի», - ասում է նա:
Մինչ քրեական գործի ամբողջական բացահայտումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Զալյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ կառավարությանը դիմումատուներին փոխհատուցել 50 հազար եվրո: