25/03/2019 17:00
Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից մեծ ակնկալիքներ չարժե ունենալ. քաղտեխնոլոգ
Մարտի 29-ին Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից մեծ ակնկալիքներ չարժե ունենալ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպմանը։
Նրա խոսքով՝ քիչ հավանական է, որ հանդիպման ընթացքում կողմերի միջև որևէ փաստաթուղթ ստորագրվի։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ներկա փուլը նույնիսկ բանակցություններ չի համարում և ասում է, որ ընդամենը հանդիպում է տեղի ունենալու, ուր փորձելու է խոսել ձևաչափի մասին։ Կարծում եմ, որ համենայնդեպս պետք է հստակեցնենք՝ ինչ ենք ակնկալում այդ հանդիպումից։ Իսկ արդյունքը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Այն, ինչ հիմա դրված է բանակցային սեղանին՝ Մադրիդյան սկզբունքներ կոչվածը, որևէ դրական արդյուքն հայկական կողմին չի բերելու», - ասաց մեր զրուցակիցը։
Վիգեն Հակոբյանն իր տեսակետը հիմնավորեց այն փաստարկով, որ Մադրիդյան սկզբունքներում չկա հայկական երկու պետությունների ընդհանուր շահը, դրա համար էլ ֆանտաստիկայի ժանրից կլինի մտածել, որ այն կարող է դրական արդյունք ապահովվել։
«Կարծում եմ՝ մի քանի օրից կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը մոտավորապես այս խոսակցությունն է տեղի ունենալու՝ ՀՀ վարչապետը ասելու է, որ Արցախն անպայման պետք է մասնակցի բանակցային գործընթացին, նա դրա փաստաթղթային հիմնավորումներ է բերելու։ Առավելագույնը, որ Փաշինյանը կարող է ասել, հետևյալն է՝ որ ինքն ունի մանդատ՝ ընդամենն Արցախի տեսակետը հայտնելու, բայց ոչ՝ բանակցելու իրավունք։ Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ որպեսզի այս հանդիպումները վերածվեն լիարժեք բանակցությունների, պետք է Արցախը մասնակցի բանակցություններին, եթե ոչ՝ խոսելու առանձնապես ոչինչ չկա», - տեսակետ հայտնեց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ եթե հայկական կողմը պնդում է, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը տրամաբանորեն հակառակն է առաջ տանում՝ բացառելով նման հնարավորությունը, ստացվում է, որ վիճակը փակուղային է։
«Իրատեսական է, որ բանակցությունները, դեռ չսկսված, կողմերի հակադիր դիրքորոշումների պատճառով մատնվեն անհաջողության։ Դա շատ տրամաբանական է։ Նման դեպքում բանակցությունների մասին խոսելն անիմաստ է։ Ես կանխատեսում եմ, որ ինչ-որ փուլում Ադրբեջանը կարող է խոսել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացվածության մասին, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի ելույթներում արցախահայության մասին եզրույթներ են հնչում։
Սա էլ է բերում փակուղու, դրա համար էլ Մադրիդյան փաստաթուղթը, կրկնում եմ, խաղաղության չի տանում։ 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ այդ փաստաթուղթը հենց պատերազմի է բերում, որովհետև հակամարտող կողմերը կոմպրոմիսի դաշտում բացարձակապես մոտ չեն իրար՝ ոչ մի սանտիմետր», - ամփոփեց Վիգեն Հակոբյանը։