25/03/2019 17:15
Կլուծվի «Հայաստան», «Սևան» և «Դինամո» մարզական միությունների ֆինանսավորման հարցը
«Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի իրականացման համար 2019 թ. պետբյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացումը նախատեսված է հատկացնել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին: Մինչդեռ մինչև 2018 թ. ներառյալ վերոնշյալ ծրագրի իրականացման համար գումար է ծրագրվել և հատկացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգում գործող երեք մարզական հասարակական կազմակերպությունների՝ «Հայաստան», Հայաստանի «Սևան» և Հայաստանի «Դինամո»:
Ներկայումս այս 3 կազմակերպություններն ունեն 22 մարզադպրոց, որտեղ մարզվում է ավելի քան 5000 սան: Ընդ որում՝ տարեսկզբից չխախտելով ուսումնամարզական պրոցեսի անընդհատությունը հասարակական կազմակերպություններում սաները շարունակում են անցկացնել իրենց պարապունքները: Հաշվի առնելով տարիներով ձևավորված ավանդույթը և ցուցաբերած բարձր արդյունքները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նպատակահարմար է համարում ծրագրված գումարներն առաջին կիսամյակում հատկացնել այս հասարակական կազմակերպություններին՝ առանց մրցույթի տրամադրվող դրամաշնորհի ձևով: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին, նշել է, որ մարզադպրոցների մի մասը ԿԳ նախարարության համակարգում է, մի մասը՝ Սպորտի նախարարության, մի մասն էլ՝ համայնքապետարանների ենթակայության կամ մարզական միությունների ենթակայության ներքո է: Կառավարության ղեկավարի խոսքով, դա լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:
Գաբրիել Ղազարյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ այժմ ծրագիր է մշակվում մարզադպրոցների՝ միասնական, աշխատանքային քարտեզ գծելու համար. վերջնական տարբերակը պատրաստ կլինի 3-4 ամիս հետո։
Կառավարության նիստում անդրադարձ է եղել նաև մարզական դահլիճներին, որոնք տրվում են վարձակալության: Վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ նույնպես անհրաժեշտ է գույքագրում իրականացնել: «Ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ տոկոս են կազմում այս կարգի գործարքները և գործարքներն ինչքանո՞վ են ստվերային, ինչքանո՞վ են իրական: Ինչքանո՞վ է պայմանագրում արձանագրված հենց այն գումարը, որը դե ֆակտո իրականում վճարվում է, և ինչքանո՞վ է այս պետական ենթակառուցվածքը ծառայում, այդ թվում՝ պետական մարմնակրթական քաղաքականությանը, որը շատ կարևոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դպրոցների տարածքների վարձակալության իրական պատկերը հասկանալու համար վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ ուսումնասիրություն անցկացնել և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն այդ մասին: