26/03/2019 19:00
Գազի թանկացման դեպքում «Էլեկտրիկ Երևանի» սցենարը չի կրկնվի. քաղտեխոնոլոգ
Թեև առայժմ հայտնի չէ՝ ռուսական գազի սակագինը սպառողների համար կթանկանա, թե ոչ, սակայն գրեթե անհավանական է, որ թանկացման դեպքում երկրում «Էլեկտրիկ Երևանի» մասշտաբի բողոքի ալիք բարձրանա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա համոզմամբ՝ ազգաբնակչության շրջանում բողոքի լայնածավալ գործողություններ չեն իրականացվի մի շատ պարզ պատճառով, քանի որ ի տարբերություն «Էլեկտրիկ Երևանի», այս անգամ բողոքի ալիքի հստակ պատվիրատուներ չեն նշմարվում։
«Գրեթե անհնար եմ համարում, որ «Էլեկտրիկ Երևանի» սցենարը կրկնվի, քանի որ այն ժամանակ բողոքի ակցիան ինքնըստինքյան չէր անցկացվում։ Նման միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար պետք է համապատասխան կառույցներ լինեն, պետք է ֆինանսավորում լինի։ «Էլեկտրիկ Երևանն» ինքնաբուխ ձևավորված գործընթաց չէր։ Այն ժամանակ շատ հստակ քաղտեխնոլոգիական մեթոդներով մշակված գործընթաց էր իրականացվում, որն ուներ որոշակի նպատակներ՝ ստուգելու հասարակության զգոնությունը։
Այս պահի դրությամբ չեմ տեսնում, որ գազի սակագնի հնարվոր թանկացման դեպքում բողոքի ակցիաներ հրահրող շահագրգիռ կողմեր լինեն։ Կարող է՝ կառավարության շենքի դիմաց բողոքի ինչ-որ ցույցեր լինեն, բայց տևական ժամանակով փողոցներ փակելու զանգվածային դեպքեր՝ քիչ հավանական են, եթե չասեմ՝ անհավանական», - ասաց Արմեն Բադալյանը։
Դիտարկմանը, որ վերջին մեկ տարվա քաղաքական իրադարձություններից հետո ճանապարհներ փակելը և այդ կերպ դժգոհության ձայն բարձրացնելը ՀՀ քաղաքացու համար գրեթե սովորական են դարձել, քաղտեխնոլոգը պնդեց, որ եթե բողոքի ակցիաների պատվիրատու-ֆինանսավորող և կազմակերպիչ չլինի, լայնամասշտաբ գործողություններ չեն լինի։
«Ճիշտ է, որոշ գյուղական համայնքներում բնակիչները կարող են ճանապարհներ փակել, բայց Երևանում, որպես այդպիսին, փողոցներ չեն փակվում՝ չհաշված մի քանի րոպեով այս կամ այն փողոցը փակելու պրակտիկան։ Օրինակ, մի քանի օր առաջ Օպերայի տարածքի սրճարաններն ապամոնտաժելու բողոքի ակցիայի շրջանակներում ցուցարարները մի քանի րոպեով Մաշտոցի պողոտան փակեցին, բայց միայն այսքանը», - ասաց Արմեն Բադալյանը։