26/03/2019 20:04
ՊԵԿ-ի կողմից առաջին եռամսյակում ապահովվել է 290.2 մլրդ դրամ հարկային եկամուտ, ավելին, քան ծրագրված էր. Լուսինե Մկրտչյան
Պետական եկամուտների կոմիտեի կողմից մարտի 25-ի դրությամբ արդեն իսկ հավաքագրվել է 290.2 մլրդ դրամ հարկային եկամուտ, Aysor.am-ին տեղեկացրեց ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը:
«Ըստ եկամուտների հավաքագրման եռամսյակային բաշխման՝ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը կազմում է 285.1 մլրդ դրամ: Մարտի 25-ի դրությամբ արդեն իսկ ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 290.2 մլրդ դրամ եկամուտ», - ասաց Լուսինե Մկրտչյանը:
Նկատենք, որ 2019-ի պետական բյուջեի մասին Հայաստանի օրենքով հարկային եկամուտների և պետական տուրքերի ցուցանիշը սահմանված է 1401.8 մլրդ դրամ:
Այդուհանդերձ, ՊԵԿ-ի մեր աղբյուրները նշում են, որ ՊԵԿ-ում անհանգստացած են հարկահավաքման մասին մամուլում հրապարակվող տեղեկություններից և դրանք համարում հանրությանը մոլորեցնելու վարքագիծ:
Մկրտչյանը, սակայն, այլ հարցերի չպատասխանեց և միայն նշեց. «Մյուս բոլոր մանրամասները առաջին եռամսյակի հարկահավաքագրման պատկերի հետ կապված կհրապարակվի ՊԵԿ նախագահի առաջիկա ասուլիսում, որը տեղի կունենա ապրիլի առաջին տասնօրյակում»: