26/03/2019 11:57
Ամենացածր կենսաթոշակը Հայաստանում կլինի 25500 դրամը (Տեսանյութ)
Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25 500 դրամը։
«Մենք առաջարկում ենք կենսաթոշակային համակարգում ներմուծել նոր ինստիտուտ՝ նվազագույն կենսաթոշակ, որից պակաս կենսաթոշակ չի կարող վճարվել։ Այս նախաձեռնությամբ իսպառ կբացառվի կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության գիծը», - այսօր Ազգային ժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։
Կառավարության այս նախաձեռնությունը վերաբերում է 18 հազար կենսաթոշակառուի, որոնք այժմ ավելի ցածր են ստանում, քան 25 500 հազար դրամն է։
Այս ծրագրի արդյունքում պետական բյուջեի ծախսերը կավելանան 800 մլն դրամով։ «Օրենքն ընդունվելուց հետո կկատավրի վերահաշվարկ, դրան կտրվի հետադարձ ուժ և կհաշվարկվի ու կվաճրվեն նաև 2019 թվականի առաջին մի քանի ամիսների գումարը», - նշեց Սաիյանը։
«Ես ճի՞շտ հասկացա՝ ասում եք 25500 դրամ կտաք մարդկանց ու ծայրահեղ աղքատների բանակը կկրճատվի՞», - փորձեց հստակեցնել ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Սակայն փոխնախարարն ի պատասխան նկատեց, որ ինքը չէր կարող նման բան ասել, քանի որ աղքատության գնահատման մեթոդաբանությունն այլ է։
«Աղքատությունը գնահատվում է ընտանիքի կազմում։ Անձնապես մարդը կարող է չհամարվել ծայրահեղ աղքատ, որովհետև իր եկամուտը ծայրահեղ աղքատության գծից՝ 25000 դրամից բարձր է, բայց եթե անձին դիտարկում ենք ընտանիքի կազմում, ապա նա կարող է համարվել աղքատ ընտանիքի անդամ», - նշեց փոխնախարարը։