26/03/2019 21:29
Կոնստանտին Օրբելյանը գոհ է Օպերայի հարակից տարածքում քաղաքապետարանի ձեռնարկած բարեկարգումից. քաղաքապետն ընդունել է Օպերայի և բալետի թատրոնի ղեկավարությանը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ընդունել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին և փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանին, այս մասին Aysor.am-ը տեղեկացավ քաղաքապետարանի պաշտոնականկայքում տեղ գտած հրապարակումից:
Տեղեկության մեջ մասնավորապես նշված է.
«Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին Օպերայի հարակից տարածքում պատշաճ միջավայր ստեղծելուն ուղղված քաղաքապետարանի գործողությունների կապակցությամբ: Կոնստանտին Օրբելյանը քաղաքապետին ներկայացրեց վերջերս թատերախմբի՝ Մոսկվայում և Դուբայում կայացած համերգներից ստացած իր տպավորությունները:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը նշեց, որ հետևում է Օպերայի և բալետի թատրոնի հաջող ելույթներին և պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում աջակցել թատրոնի խնդիրների լուծմանը: Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքապետարանն այս տարի Երևանի պատմամշակութային շենքերի արտաքին լուսավորությունը փոխելու ծրագիր ունի, և Օպերայի շենքը նույնպես ներառված է ծրագրում:
Օգտվելով առիթից՝ քաղաքապետը խնդրեց հյուրերին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին փոխանցել իր շնորհավորանքները՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ»: