26/03/2019 11:07
Ձեր թիկունքին կանգնած եմ. վարչապետը՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին
Ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել հանրային կյանքի և հարաբերությունների ողջ բովանդակությունը, ֆուտբոլի միջոցով կարելի է փոխել նաև երկրի և հանրության տրամադրությունը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անկեղծ ասած, ես հենց այդ առումով եմ կարևոր համարում ընդհանրապես սպորտը և ֆուտբոլն առաջին հերթին՝ որպես ամենազանգվածային մարզաձև: Իհարկե, Հայաստանի ազգային հավաքականն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն և այս պրոցեսի լիդերությունն, ըստ էության, ընկնում է ազգային հավաքականի և նրա խաղացողների վրա»,-ասել է նա։
Վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում կունենանք հաջողություններ:
«Շատ կուզենայի, որ այն ոգին, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիական հանրային կյանքի առումով, արտահայտվում է և կարտահայտվի նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղում: Իհարկե, հոգեբանությունը կարծում եմ ֆուտբոլում և ցանկացած մարզաձևում շատ կարևոր է և համոզված եմ, որ այստեղ բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, որոնց համար, սակայն, կարծում եմ, որ հանրային բարձր աջակցությունը նույնպես շատ կարևոր է, որովհետև ցանկացած պրոֆեսիոնալ գործում միշտ էլ հանրային աջակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ»,-ասել է Փաշինյանը։
Նա հաջողություն է մաղթել հավաքականին այսօրվա խաղում։
«Հայաստանի ժողովուրդը, մարզասերները, անկախ խաղի կոնկրետ արդյունքներից՝ միշտ մեր հավաքականի կողքին պետք է լինեն և կարծում եմ, որ այդ հոգեբանական պահն է կարևոր: Հոգեբանական բեռը հնարավորինս պետք է թեթև լինի և մեր հավաքականը չպետք է խաղի նկատմամբ վախի որևէ զգացում ունենա՝ ձեզ հայտնի տրամաբանության մեջ: Իհարկե, խաղի արդյունքը շատ կարևոր է, բայց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ նաև պատրաստ եմ կիսել ցանկացած դառնություն մեր հավաքականի հետ: Իհարկե, ուրախությունը կիսելու կարիք չկա էլ, բայց դառնությունները իմացեք, որ միշտ էլ պատրաստ եմ կիսել, այնպես որ շատ կարևոր է, որ խաղադաշտ մտնելուց առաջ վստահ լինեք, որ մեր հանրությունը, անձամբ ես ձեր թիկունքին կանգնած ենք: Շատ կարևոր է, որ խաղի որևէ պոտենցիալ արդյունք չվախեցնի մեզ, որովհետև շատ կարևոր է դուխով առաջ գնալը և մնացածն արդեն առավել ստեղծագործական մոտեցմամբ հաղթահարել: Հույս ունեմ, որ խաղի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, որովհետև օրինակ ինձ համար այդ զգացողությունը շատ կարևոր է ու ինքս էլ ներկա կլինեմ»,-նշել է Ն. Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է՝ հավատում է մեր հավաքականին։
«Եթե ազգային հավաքականը լավ է հանդես գալիս, այդ օրը, հաջորդ օրը և առաջիկա շրջանում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր հայ իրեն ավելի վստահ է զգում իր ամենօրյա՝ ֆուտբոլի հետ բացարձակ կապ չունեցող աշխատանքի մեջ: Այնպես որ, ձեր առաքելության մեջ մաղթում եմ ձեզ մեծագույն հաջողություններ, որովհետև ձեր հաջողությունը յուրաքանչյուրիս հաջողությունն է»,- ընդգծել է վարչապետը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ակադեմիա այցելելու, ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հանդիպելու և հնչեցրած գնահատականների համար: ՀՖՖ նախագահը հավաստիացրել է, որ ազգային հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը գտնվում է բարձր մակարդակի վրա, տղաների մարզավիճակը ևս լավ մակարդակի վրա է:
«Ցուցադրելու ենք շատ լավ խաղ: Բոլորս հավատում ենք, որ մեր տղաները պատվով հանդես կգան և ունենալու ենք հաղթանակ: Ինչպես Դուք նշեցիք՝ պարտության դեպքում էլ լինելու ենք ֆուտբոլիստների կողքին և կիսելու ենք այն, բայց, իհարկե, հաղթանակը շատ սպասելի է և բոլորս հավատում ենք, որ վաղն ունենալու ենք հաղթանակ»,- նշել է Վանեցյանը: