27/03/2019 18:10
19,6 մլն դոլարը Ալեքսանդր Սարգսյանը փոխանցել է բանկային փոխանցման միջոցով, սպառազինությունների ձեռքբերման նպատակով. Մանրամասներ
Փետրվարի 19-ին «Սիվիլնեթը» տեղեկություն տարածեց, որ ՀՀ 3-րդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց 18.5 մլն ԱՄՆ դոլար գումար է փոխանցել: Նույն տեղեկությունը կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի արդյունքների մասին հարցմանն ի պատասխան՝ կառավարությունը փոխանցել էր նաև Aysor.am-ին:
Այս փոխանցման հետ կապված Aysor.am-ը դեռևս փետրվարի 21-ին անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով հարցում էր ուղարկել կառավարություն, որի պատասխանն ստացել ենք այսօր:
Կառավարությունից ստացված պատասխանից պարզվում է՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից փոխանցված գումարը ոչ թե 18.5 մլն դոլար է, այլ 19.6 մլն դոլար:
Մեր հարցերին, թե ի՞նչ հիմքով է Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել 18.5 մլն դոլար, ինչպե՞ս է փոխանցվել այդ գումարը և ի՞նչ նպատակի է ծառայելու, կառավարությունից պատասխանել են.
«Տեղեկացնում ենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվում է թիվ 58213018 քրեական գործը, որի շրջանակում Ալեքսանդր Ազատի Սարգսյանը ունի մեղադրյալի կարգավիճակ: Ալեքսանդր Ազատի Սարգսյանը 2019 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին ճշգրտված տվյալներով նվիրաբերել է 19.600 000 ԱՄՆ դոլար և նվիրաբերման նպատակը նշվել է՝ հայրենիքի համար սպառազինության ձեռքբերումը: Գումարը տրամադրվել է բանկային փոխանցման միջոցով»:
Նաև հետաքրքրվել էինք՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր Ալեքսանդր Սարգսյանի ունեցած և կալանքի տակ գտնվող 30 մլն դոլարի մասին, սպասվո՞ւմ է, որ պետությանը անհատույց փոխանցված գումարը կլրացվի Ալեքսանդր Սարգսյանի կողմից: Այս հարցին կառավարությունից պատասխանել են այսպես. «ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում շարունակվում է Ալեքսանդր Ազատի Սարգսյանի և Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը, և Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել վճարել հարկային ստուգումների ընթացքում առաջացած պարտավորությունները»:
Aysor.am-ի մյուս հարցին, խորհրդարանական ընդդիմությունը և փորձագիտական շրջանակները պնդում են, որ սա կասկածելի, ոչ թափանցիկ գործարք է, կհստակեցնե՞ք՝ ի՞նչ պայմանավորվածություններ կան Ալեքսանդր Սարգսյանի հետ, ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության և փորձագիտական շրջանակների պնդումներին, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում Ալեքսանդր Սարգսյանի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Քրեական գործով իրականացվում է օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն»: