27/03/2019 17:27
Որևէ տնտեսվարողի հետ և որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի. Տիգրան Ավինյանը՝ «Լիդիան Արմենիայի» մասին (Տեսանյութ)
Որևէ տնտեսվարողի հետ և որևէ տնտեսվարողի նկատմամբ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և կառավարության միջև եղած հարաբերություններին:
Անդրադառնալով ընկերության այն հայտարարությանը, որ եթե նրանց աշխատանքները շարունակվեն խոչընդոտվել, ապա իրենք կդիմեն արբիտրաժային դատարան՝ Ավինյանն ասաց.
«Կարծում եմ, որ մայիսին որոշակի հարցերի պատասխաններ կունենանք, որովհետև հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը որոշակի պատասխաններ կտա, և այդ կասկածները, որոնք բարձրաձայնվում էին փորձագետների կողմից կստանան արձագանքներ», - ասաց նա:
Ավինյանը նկատեց, որ եթե հետազոտությունների արդյունքում պարզվի, որ բոլոր ռիսկերը վերահսկելի են, ապա ծրագրի իրականացման համար խոչընդոտներ չեն լինի.
«Եթե տեսնենք, որ կան որոշակի ռիսկեր, որոնք վերահսկելի չեն, համապատասխան որոշում կկայացնենք», - ասաց նա՝ հավելելով, որ եթե եզրակացությունը հօգուտ «Լիդիան Արմենիայի» լինի, ապա ընկերությունը դատարան դիմելու կարիք չի ունենա:
Նա նաև նկատեց, որ ընկերության հայտարարությունը արբիտրաժային դատարան դիմելու մասին սպառնալիք չի համարում: Հարցին, թե հաշվարկվել է արդյոք, թե ինչ վնասներ կհասցվի ՀՀ-ին, եթե ընկերությունը դիմի դատարան և շահի դատը՝ Ավինյանն ասաց.
«Մենք բոլոր ռիսկերից քաջատեղյալ ենք ու վախենալու որևէ բան չունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում