27/03/2019 14:35
Օտարերկրյա ներդրողների համար խոչընդոտ են ոչ թե հարկերի չափերը, այլ՝ հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունները. Մակարյան
Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր կառավարությունները խոսել են օտարերկրյա ներդրումները խթանելու մասին, բայց իրականում Հայաստանը տարբեր ժամանակներում իր գործելակերպով սահմանափակել է ներդրումների հնարավորությունները, քան՝ փորձել դրանք զարգացնել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Բայց վերջին շրջանում առիթ ունեցա մի կարևոր քննարկման մասնակցելու համար ուսումնասիրել ներդրումների խոչընդոտները ու բացահայտվեցին շատ ակնհայտ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ կա՛մ չեն նկատվել, կա՛մ գիտեին՝ ուշադրություն չեն դարձրել ու չեն կարգավորել», - նշեց Մակարյանը։
Նա նշեց, թե տարբեր օրենքների ընդունման, տարբեր միջազգային պայմանագրերի ստորագրման ճանապարհով փաստաթղթերի վրա փորձել են խթանել ներդրումները, բայց իրականում դրանք տեղի չեն ունեցել։
«Երբ հիմա խոսում են ներդրումների խթանման մասին, պետք է կանգնել այդ կետերի վրա և այդ խոչընդոտներն ուղղակի վերացնել։ Եթե դրանք չեն վերացվելու կամ մասնակի են վերացվելու, ապա տարբեր տիպի էական արգելքներ կհանդիսանան ներդրումների համար», - նշեց Գագիկ Մակարյանը։
Անդրադառնալով օտարերկրյա ներդրումների կարևորությանը՝ բանախոսն ասաց, որ դրանց բացակայության դեպքում արժեթղթերի շուկան չի զարգանում, ֆինանսավորման աղբյուրները մնում են միայն բանկերը։
«Բանկերի դեպքում էլ ֆինանսավորման աղբյուրները խիստ սահմանափակվում է տարբեր ոլորտների ձեռնարկությունների համար։ Եկել մի ճանապարհի ենք հասել, որ օտարերկրյա ներդրումները սահմանափակելով՝ տեղ ենք տվել բանկերին։ Եվ երբ ասում ենք, թե բանկերի ինստիտուտը զարգացած է, պետք է նաև պատճառաբանենք, որ հիմնական ֆինանսավորման աղբյուր են դարձել բիզնեսի համար, և ոչ բոլոր բիզնեսներն են կարողացել այդ աղբյուրներից օգտվել, որն էլ տնտեսական աճի լուրջ խոչընդոտ է դարձել», - ասաց գործատուների միության նախագահը։
Նրա խոսքով՝ խնդիր է նաև մրցակցային պայմանների խախտումները։
«Եթե հիմա ասենք, որ թավշյա հեղափոխությունից հետո արդեն կառավարությունը փորձում է ստվերի դեմ պայքարել, կոռուպցիայի կամ մոնոպոլիաների խնդիրները կանոնակարգվում են, մնացած ռիսկերը դեռ վերացված չեն, ենթակառուցվածքներում լիքը խնդիրներ ունենք, վարչարարության, տեսչական մարմիններում դեռ խնդիրներ ունենք», - նկատեց Մակարյանը։
Ներդրողներն, ըստ Մակարյանի, ասում են, որ իրենց այդքան չեն խոչընդոտում հարկերի չափերի, որքան հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունները։
Ամփոփելով՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ ներդրումներին խթանող կարևոր ուղղություններով մեծ հաջողություններ չենք ունեցել, առկա խնդիրներն էլ համարել ենք անկարևոր։