27/03/2019 21:22
Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հարցում որևէ խոչընդոտ այս պահին չկա. Գլխավոր դատախազ
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը ընթացքի մեջ է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Նարեկ Սարգսյանի էքստրադիցիոն գործընթացի փուլում ենք գտնվում, ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերը, ակնկալում ենք մեր գործընկերների պատասխանը: Կոնվենցիոնալ կարգավորումներից զատ, այլ խոչընդոտներ կամ պրոբլեմներ չկան այս պահին», -ասաց Դավթյանը:
Նկատենք, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու մասին ամիսներ առաջ հայտարարել էր ոստիկանությունը: Ըստ աղբյուրի՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:
Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:
Նարեկ Սարգսյանն անցնում է նախորդ տարի հունիսի 26-ին հարուցված քրեական գործով, որը վերաբերում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելուն, իրացնելուն, պահելուն, փոխադրելուն կամ կրելուն և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելուն կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելուն: