27/03/2019 15:11
Եղան ցնցումներ, եղավ լարված իրավիճակ, բայց, բարեբախտաբար, այդ ամենն արդեն անցյալ է. Հակոբ Ղազանչյան
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ուղերձով է հանդես եկել՝ դիմելով գործընկերներին և հանդիսատեսին:
«Հարգելի գործընկերներ, թատերական աշխարհի մեծարգո նվիրյալներ, սիրելի հանդիսական, այսօր հերթական անգամ ողջ միջազգային հանրությունը նշում է Թատրոնի միջազգային օրը՝ մեր պրոֆեսիոնալ տոնը։
Թատրոնն իր հազարամյա կենսագրության ընթացքում բազմիցս է ենթարկվել փորձությունների, բազմիցս ապացուցել անհրաժեշտությունը հասարակության զարգացման, պետության կայացման գործում, և անցած տարին այդ առումով բացառություն չէր:
Եղան ցնցումներ, եղավ լարված իրավիճակ, բայց, բարեբախտաբար, այդ ամենն արդեն անցյալ է, և հուսանք, որ դա մեծ թյուրիմացություն էր, և որ այսուհետ ավելի հանգիստ կարող ենք մտածել վաղվա օրվա, մեր պրոֆեսիոնալ գործունեության մասին։
Ասածիս վառ ապացույցը կարելի է համարել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որն իրականացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում վերջապես կլուծվի Մնջախաղի թատրոնի նոր շենքի հարցը, և իհարկե, առաջիկայում կնդունվի «Թատրոնի մասին» վաղուց սպասված օրենքը:
Կարծում եմ, որ թատրոնի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ, որոնք միանշանակ կան, ժամանակի ընթացքում լուծում կստանան, և ես կասկած չունեմ, որ մենք՝ թատրոնի նվիրյալներս, կշարունակենք ծառայել մեր գործին, կշարունակենք ծառայել դարերի պատմություն ունեցող հայ թատրոնին», - նշվում է Հակոբ Ղազանչյանի ուղերձի մեջ: