27/03/2019 10:47
Սխալվեցինք, շատ աշխատանք ունենք կատարելու. Հայաստանի հավաքականի մարզիչ
Մարտի 26-ին` ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Հայաստան-Ֆինլանդիա (0:2) ընտրական խաղից հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը։
-Պարոն Գյուլբուդաղյանց, կարծեք թե երկու բավական պարզ գոլ բաց թողեցինք։Ըստ Ձեզ՝ի՞նչն էր պատճառը։
-Սխալվեցինք, այդ պատճառով էլ բաց թողեցինք գոլերը։ Առանց սխալի գոլ չի լինում։ Իրոք, շատ պարզ գոլեր էին։ Մենք չկարողացանք մեր գոլային պահերը իրացնել, և մրցակիցը մեզ գոլ խփեց հակագրոհի ժամանակ։
-Թիմային խաղը, կարծեք թե, լավ էր ստացվում, բայց երբ գնդակ էր ստանում Արտակ Գրիգորյանը՝ փոխանցումների ընթացքը մի ակնթարթ կտրվում էր։ Նախորդ խաղը մտքում ունենալով՝ չէի՞ք մտածում, որ այդ դիրքում կարող էինք խնդիրներ ունենալ։
-Այո, կուզեի, որ Արտակ Գրիգորյանի փոխանցումների խոտանը քիչ լինի։ Այդ պատճառով պաշտպանությունից դուրս գալիս աշխատում էինք քիչ կիրառել կարճ փոխանցումներ։ Եթե մեր հենակետայինների փոխանցումներն ավելի որակյալ լինեին՝ ընդհանուր խաղի որակն էլ կբարձրանար։ Հանուն արդարության պետք է նշել, որ Արտակ Գրիգորյանը ունի մի շարք դրական կողմեր նույնպես, շատ լավ է կասեցնում գրոհները և խլում գնդակը։
-Ինչու՞ հավաքական չհրավիրվեց Արթուր Սարկիսովը, և ինչպե՞ս եք գնահատում մեր հարձակվողների խաղը։
-Եթե նկատել եք, Արթուր Սարկիսովը իր ակումբում ավելի շատ խաղում է եզրում։ Արթուրը, անկասկած, լավ ֆուտբոլիստ է, բայց եզրային դիրքի համար հավաքական հրավիրեցինք Էդգար Բաբայանին, որն իրեն բավական լավ դրսևորեց։ Կա եզրային Ալիկ Առաքելյանը, որը, կուզեի արդեն կազմում ներգրավվեր։ Կենտրոնական հարձակվողի դիրքում խաղացին Կարապետյանը և Բալեկյանը, ովքեր առաջին խաղում իրենց լավ դրսևորեցին, բայց այսօր նրանց խաղը այդքան էլ լավ չստացվեց։ Սարգիս Ադամյանն էլ հիվանդության պատճառով այսօր չմասնակցեց հանդիպմանը։
-Վերջապես հավաքականում խաղային ժամանակ ստացավ Պետրոս Ավետիսյանը։ Ի՞նչ կասեք նրա խաղի մասին։
-Պետրոսը մեծ պոտենցիալ ունի։ Նա դեռ պետք է բարելավի իր խաղը։ Այսօր մտավ դաշտ և ակտիվություն մտցրեց առջևի գծում։ Եթե նա լրջորեն վերաբերվի մարզումներին, իր խոսքը դեռ կասի։ Հավատում եմ Պետրոսի ուժերին։
-Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղից հետո նշել էիք, որ խաղից գոհ էիք, արդյունքից՝ ոչ։ Արդյոք այս խաղի մասին է՞լ եք նույնը կարծում։
-Ընդհանուր առմամբ, խաղի որոշ հատվածներից գոհ էի, բայց ամբողջ խաղից՝ ոչ։ Դեռ շատ աշխատանք ունենք կատարելու, բարելավելու շատ կողմեր կան։
-Խաղի առաջնամասում մենք շատ էինք նահանջում մրցակցին դիմավորելու համար։ Արդյոք դա Ձե՞ր հանձնարարականն էր։
-Հակառակը, խաղի սկզբում, երբ մրցակիցը ուզում էր խաղարկել գնդակը, մենք բարձր էինք դասավորվում դաշտում, և խոչընդոտում էինք մրցակցի խաղին։ Երկրորդ խաղակեսի սկզբում բավական բարձր պրեսսինգ սկսեցինք, որը որոշ առումով ստացվեց։ Բայց մանավանդ նախորդ խաղից հետո ֆուտբոլիստները թարմ չէին, և ամբողջ խաղը նման ձևով խաղալ չստացվեց։
-Պարոն Գյուլբուդաղյանց, վերջին տարիներին հավաքականի կենտրոնական պաշտպանների դիրքը անընդհատ փոփոխությունների էր ենթարկվում։ Վերջերս արդեն Հարոյան-Չալըշըր զույգը բավական հաճախ է հայտնվում մեկնարկային կազմում։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ զույգը վերջնականորեն դարձավ հիմնական կազմի մաս։
-Ֆուտբոլում ոչինչ վերջնական չի։ Եթե ֆուտբոլիստը այսօր վատ խաղա, ապա հաջորդ հանդիպմանը հաստատ չի խաղա։ Ինչ վերաբերում է Հարոյան-Չալըշըր զույգին, ապա պետք է նշեմ, որ այդ դիրքում ունենք նաև Խաչատուրով, Իշխանյան։ Այսօր ճիշտ գտանք խաղը սկսել Հարոյան-Չալըշըր զույգով։
-Հենրիխ Մխիթարյանի՝ հենակետայինի դիրքում խաղալը բավական նվազեցնում է մեր թիմի հարձակողական ներուժը։ Տնային խաղում դա արդարացվա՞ծ քայլ էր։
-Կառլեն Մկրտչյանը խաղից առաջ հիվանդացավ, մենք ստիպված երեկոյան ժամը 17։00-ից հետո սկսեցինք մեկնարկային կազմում փոփոխություններ մտցնել։
-Խաղի ընթացքում եզրերում խաղացող Բաբայանը և Օզբիլիսը բավական լավ էին խաղում։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ եզրայինները փոխարինվեցին։
-Եզրերում մենք բավական ֆուտբոլիստներ ունեինք, որ կարողանայինք ակտիվացնել խաղը։ Հենց նրանց էլ դուրս բերեցինք խաղադաշտ։
-Նախախաղային ասուլիսում նշել էիք, որ հավաքականի առաջնային նպատակը երկրպագուներին ուրախացնելն է։ Սակայն արդեն երկու խաղ է, նրանց հիասթափությունը գնալով խորանում է։ Ի՞նչ ունեք իրենց ասելու ։
-Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մեր խաղի առաջնային նպատակը մեր ազգին ուրախացնելն է։ Եթե արդյունքը լավը չի, գոնե պետք է լավ խաղով ուրախացնենք մեր երկրպագուներին։ Լավ խաղալ ասելով` նկատի ունեմ ոչ թե փոխանցումների որակը, այլ անմնացորդ նվիրումը։ Մենք դեռ անցած տարի նշել էինք, որ մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի։ Արդեն հինգ ֆուտբոլիստ նորամուտն է նշել հավաքականում։ Կփորձենք մեր ունեցած լավագույն երիտասարդներին ընդգրկել կազմ, որ լավ արդյունք ստանանք։
-Մեր հակագրոհները, կարծեք, շատ դանդաղ էին։ Ոչ սրություն կար, ոչ արագություն։ Ի՞նչն էր պատճառը։
-Եղավ մի քանի լավ, արագ հակագրոհ։ Ցավոք, այդ հակագրոհների վերջում չկարողացանք ճիշտ փոխանցումներ կատարել։ Տուգանայինի մոտ մրցակցի հետ պետք է ոչ միայն պայքարել, այլ նաև նրանց անկարծակիի բերել։ Եվ առաջին հերթին դա պետք է անենք համագործակցության շնորհիվ, որն այսօր այդքան էլ լավ չստացվեց։
-Ֆինլանդիայի նման հավաքականի դեմ խաղում, երբ մրցակիցը շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ ունի, գրեթե բոլոր անկյունայինների ժամանակ բարձր փոխանցում էինք կատարում տուգանային հրապարակ, որտեղ դարպասապահը շատ վստահ էր խաղում։ Ի՞նչն էր պատճառը, որ չէինք խաղարկում անկյունայինները։
-Անկյունայիններից մեկը խաղարկեցինք, իսկ մյուս երկու դեպքում փոխանցումները չստացվեցին։