28/03/2019 15:53
Խորեն Լևոնյանը՝ տարվա դերասան, Տաթև Մելքոնյանը՝ դերասանուհի. ովքեր են արժանացել 2019 թվականի «Արտավազդին»
Մարտի 27-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում Հայաստանի թատերական գործիչների միությունն անցկացրեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ականավոր թատերական գործիչ Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին։
«Տարվա լավագույն դերասան անվանակարգում» հաղթող ճանաչվեց Խորեն Լևոնյանը, «Տարվա լավագույն դերասանուհի» ճանաչվեց Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթև Մելքոնյանը։
«Լավագույն երիտասարդ դերասան» տիտղոսը հաշտությամբ կիսեցին Պատանի հանդիսատեսի թատրոնից՝ Վիգեն Թադևոսյանն ու Կամերային թատրոնից՝ Սենիկ Բարսեղյանը։
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»-ը պարոնյանցի Արմեն Մարգարյանն է, սցենարիստը՝ սունդուկյանցի Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը։
Ընտրվեցին նաև «Տարվա 2-րդ պլանի լավագույն դերասան»-ն ու դերասանուհին.դերասանը Սունդուկյան թատրոնը ներկայացնող Դավիթ Գասպարյանն է, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու» կարգավիճակը կիսեցին Պարոնյան թատրոնի դերասանուհի Սաթենիկ Հախնազարյանն ու Ստանիսլավսկու թատրոնի ներկայացուցիչ Աննա Բալանդինան։
«Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ազգային օպերայի և բալետի թատրոնի «Չիպոլլինո»-ն, մրցանակն ընդունեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում հաղթողը «Պոչատ աղվես»-ն է։
Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի Փոքր բեմի (Black Box) կառուցման համար հատուկ «Արտավազդ» մրցանակ ստացավ Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
Հատուկ «Արվավազդ»-ի արժանացավ նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ով նախկինում Գյումրու թատրոնի տնօրենն էր։ Մրցանակի պատճառը «Հարսանիք թիկունքում» ներկայացման պրոդյուսերական աշխատանքն էր։ Մրցանակը Գյումրի տարավ թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայիս տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։
«Թակարդ Ստալինի համար» ներկայացման համար Թատերական գործիչների միության նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանն արժանացավ օրվա՝ Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակին։
Մրցանակաբաշխության ընթացքում թատերարվեստին արժանապատիվ ծառայություն մատուցելու համար պատվոգրերով ու ոսկե մեդալներով պարգևատրվեցին մի շարք գործիչներ։