28/03/2019 19:24
«Իմ քայլ»-ական Վլադիմիր Վարդանյանին կաշկանդում էր Վահե Գրիգորյանի անունը. Սահմանադրական օրենքների նախագծերն ընդունվեցին
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստից հետո մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում 117 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեցին ԱԺ կանոնակարգ և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներում կատարված փոփոխությունները: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ օրենքներում կատարված փոփոխությունները Սահմանադրական դատարանի պահանջն են եղել, քանի որ ՍԴ-ն ՀՀ նախագահի դիմումի հիման վրա օրենքներում հակասահմանադրական դրույթներ էր գտել:
Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում կատարված որոշ փոփոխություններով, ըստ Զեյնալյանի, հստակեցվում է դատավորի՝ պաշտոնը ստանձնելու պահը: Սահմանվել է նաև ընտրության պահը:
Խորհրդարանում բուռն քննարկման թեմա դարձավ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 4-րդ հոդվածը, որի համաձայն, եթե չի ընտրվում ՍԴ նոր դատավոր, ապա իրավասու մարմինը մեկամսյա ժամկետում կրկին առաջադրում է ՍԴ դատավորի նոր թեկնածու։ Մասնագիտական տարբեր շրջանակների կարծիքով, այս փոփոխությունն արվում է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի համար, որպեսզի հնարավորություն տրվի նրան հերթական անգամ առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում:
Հիշեցնենք՝ նախորդ գումարման խորհրդարանում Վահե Գրիգորյանին չէր հաջողվել ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում, քանի որ ՀՀԿ-ն բոյկոտել էր քվեարկությունը:
Նախարար Զեյնալյանն ասաց, որ սահմանադրական արգելք չկա, որ նույն անձը առաջադրվի ՍԴ դատավորի թեկնածու: «Նույն սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նույն անձը, նույն անձը կարող է ներկայացվել այլ սուբյեկտի կողմից և կարող է ներկայացվել տարբեր գումարումների խորհրդարաններում: Ըստ կառավարության, սահմանադրական արգելքը բացակայում է», -ասաց Զեյնալյանը:
«Տրամաբանական չէ, իհարկե, X պաշտոնում իրավասու մարմինը ներկայացնում է նույն անձին՝ հասկանալով, որ այդ անձը չի ստանում այդ կառույցի հավաությունը: Սա իրոք, անարգանք է այդ կառույցի նկատմամբ: Բայց պետք է հասկանանք, որ ԱԺ գումարումներ են փոխվում, մեծամասնություններ են փոխվում», -իր հերթին նկատեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին հետաքրքրում էր կոնկրետ հարց՝ եթե մի պահ ենթադրենք, որ Գոռ Հովհաննիսյանը չկա, չի առաջադրվել, նախորդ գումարման խորհրդարանի կողմից չընտրված Վահե Գրիգորյանը կարո՞ղ էր առաջադրվել: Օրինագծի գլխադասային հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, սակայն, հստակ պատասխան չտվեց և պատգամավորին ուղղորդեց մեկնաբանություն խնդրել թեկնածուին առաջադրած իրավասու մարմնից՝ ՀՀ նախագահից:
«Այսինքն՝ դուք նախագիծ եք ներկայացրել, մենք Հանրապետության նախագահից մեկնաբանություն խնդրե՞նք: Լավ, վերացեք Վահե Գրևիգորյանից, նա մեզ չի հետաքրքրում, միստը X-ը, որը նախորդ գումարման խորհրդարանում չի ընտրվել, կարո՞ղ է առաջադրվել այս գումարման խորհդրարանում», -հարցն այլ կերպ տվեց ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը:
Վլադիմիր Վարդանյանն այս անգամ կարողացավ պատասխանել հարցին. «Եթե Միստր X-ը համապատասխանում է ՍԴ դատավորի չափանիշներին, տեսականորեն կարող է առաջադրվել»: