28/03/2019 18:09
«Չիպոլինո»-ի անձնակազմը իր հաղթանակած «Արտավազդ»-ը նվիրել է ներկայացման առաջին դերակատար Վահագն Մարգարյանի հիշատակին
Մենք այս մրցանակը նվիրում ենք մեր սիրելի գործընկերոջ, Չիպոլինոյի առաջին դերակատար Վահագն Մարգարյանի հիշատակին, այս մասին ֆեյսբուքյան էջում կատարված գրառման միջոցով տեղեկացրել է Օպերայի և բալետի թատրոնի անձնակազմը:
Մարտի 27-ին տեղի ունեցած «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ընթացքում «Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ազգային օպերայի և բալետի թատրոնի «Չիպոլլինո» ներկայացումը:
Օպերայի թատրոնի հարպարակման մեջ մասնավորապես նշված է.
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր արժանացավ «Արտավազդ» թատերական մրցանակին ներկայացված լինելով Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացմամբ: Բեմադրող բալետմայստեր՝ Հենրիխ Մայորով (ՌԴ և ԲՀ արվեստի վաստակավոր գործիչ):
«Չիպոլինո» բալետը «Լավագույն ներկայացում» անվանակարգում արժանացավ «Արտավազդ» մրցանակին: Շնորհավորում ենք մեր Թատրոնի ամբողջ անձնակազմին այս կարևոր իրադարձության առթիվ:
Մենք էլ մեր կողմից այս մրցանակը նվիրում ենք մեր սիրելի գործընկերոջ, Չիպոլինոյի առաջին դերակատար Վահագն Մարգարյանի հիշատակին»:
Հիշեցնենք, որ ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 4-ին: Պրեմիերայից երկու օր անց՝ նոյեմբերի 6-ին «Չիպոլինո»-ի գլխավոր դերակատար 23-ամյա Վահագն Մարգարյանը ավտովթարի է ենթարկվել: Երիտասարդ արտիստը, շուրջ 15 օր գտնվելով անգիտակից վիճակում, նոյեմբերի 20-ին հիվանդանոցում մահացել է: