28/03/2019 11:55
ԱՄՆ-ի հետ Հայաաստանի հարաբերությունները բավական դրական են. Պոլ Ստրոնսկի
Տարածարջանում և հատկապես Հայաստանում ամերիկյան ներդրումների համար տնտեսական որոշակի ներուժ կա, բայց այն առայժմ լիովին չի իրացվում, այսօր՝ «Օրբելի» կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստանը փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովի ժամանակ ասաց Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին:
Նրա խոսքով, հատկապես հեռանկարային է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը:
Բանախոսի դիտարկմամբ, Հայաստանը նայում է դեպի Արևմուտք, և ԱՄՆ-ն նկատում է դա, սակայն որևէ խնդիր այստեղ չի տեսնում՝ հասկանալով, որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական դիրքում:
«Ես հավատում եմ, որ ԱՄՆ-ի հետ Հայաաստանի հարաբերությունները բավական դրական են: Հայաստանը կարող է ռազմավարական հարաբերություններ ունենալ մի երկրի հետ և միաժամանակ լավ հարաբերություններ պահել մեկ այլ երկրի հետ», - նշեց Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատողը:
Համաժողովին ներկա Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցն իր հերթին շեշտեց, որ հեղափոխությունը բացառապես ներքին հարց էր՝ միտված ներքին խնդիրների լուծմանը, ինչն էլ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն տեղի չի ունեցել: