28/03/2019 13:45
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը. Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ հումանիտար առաքելությունը Սիրիա ճիշտ քայլ էր:
«Մենք Սիրիա գնացել ենք մեր ինքնիշխանության ու պատմական առաքելության նկատառումներով: Եթե այսօր մեր բժիշկը այնտեղ օգնում, մի բաժակ ջուր է տալիս մի մարդու, ում պապը 1915-ի մեր ցեղասպանությունից մազապուրծ է եղել, ես համարում եմ, որ մենք դրանով մեր պատմական պարտքը վերադարձնում ենք Սիրիայի ժողովրդին: Էսօր մեր մասնագետները 140 քմ տարածք են ականազերծում այն մարդկանց թոռների համար, ովքեր մեր ժողովրդին ապաստան են տվել: Ես համարում եմ, որ սա պատմական առաքելություն է, որ մենք իրականացնում ենք Սիրիայում», - խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ առաքելությունը Սիրիայում ունի ռիսկեր: Ավելին, վարչապետի դիտարկմամբ, այս առաքելությունը մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը:
«Արդյոք սա բարոյապես ու մարդկայնորեն ճիշտ առաքելություն է, այո, ես համոզված եմ, որ դա ճիշտ առաքելություն է», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) էր մեկնել Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):