28/03/2019 09:50
«Հրապարակ». Ինչ են քննարկելու Վիեննայում Փաշինյանն ու Ալիևը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը Վիեննայում հեղափոխությունից հետո առաջին անգամ պաշտոնապես կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Ի՞նչ սպասումներ կան, փորձագետների մի մասը պնդում է, որ հանդիպման ընթացքում չի բացառվում, որ ինչ-որ տարբերակ «դեմ տան»՝ հետաքրքրվեցինք «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանից։
«Մեկ բան հաստատ գիտեմ, որ այն մոտեցումները, որոնք Հայաստանը ներկայացնում է որպես կոնֆլիկտի լուծման անհրաժեշտ բաղադրիչ, այն է` ԼՂ ինքնուրույն լինելը, անպայման կշոշափվի այդ հանդիպման ընթացքում․․․ չգիտեմ, թե Դուք ինչ փորձագիտական շրջանակների մասին եք խոսում, իմ կարծիքով` հիմնական փորձագիտական շրջանակները գտնվում են արտգործնախարարությունում, կառավարությունում և ԱԺ-ում, իսկ եթե Դուք նկատի ունեք նախորդ իշխանությունների կասկածները, ապա ես չեմ կարծում, որ հասարակության մեջ նույնպես կան նման կասկածներ», - ասել է Իգիթյանը: