28/03/2019 10:50
Չէ, չենք վախում, էդ դուք մեզնից պետք է վախենաք. Փաշինյանը մեկնաբանել է Լիդիանի գործը
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մամուլում հրապարակվող այն տեղեկություններին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան:
«Մամուլում այդպիսի ընկալում կա՝ վայ, Լիդիանը դիմում է արբիտրաժային միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի: Հա, դիմում ա, դիմում ա, թող դիմի: Ի դեպ, շատ միջազգային ակտորներ կան, որ այդպես խոսում են, ասում են՝ մենք կդիմենք միջազգային դատարան ու սենց ուշադիր նայում են ու որ տեսնում ենք չենք ուշաթափվում էդ նախադասությունից, իրենք են սկսում ճնշել՝ ոնց, էդ դուք մեզնից չեք վախո՞ւմ: Չէ, չենք վախում: Էդ դուք մեզնից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, ոչ թե մենք ձեզնից», - հայտարարեց վարչապետը:
Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Փաշինյանը հստակեցրեց կառավարության դիրքորոշումը:
«Մենք բյուջեից 300 հազար դոլար ենք հատկացրել, որ միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավվենք՝ տեղում փորձաքննություն իրականացնելու համար: Այդ փորձաքննությունը պետք է մեկ հարցի պատասխան տա՝ արդյոք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավելի են, թե՞ ոչ: Այսինքն՝ ընդունելի՞ են, թե ընդունելի չեն: Եթե եզրակացությունը կլինի բացասական, այսինքն՝ կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ու Սևանի ջրային համակարգի համար, ուրեմն այդ ծրագիրը ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, այդ ծրագիրը կաշխատի», -հայտարարեց վարչապետը:
Փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն, ըստ վարչապետի, առաջացել է, քանի որ ներկայումս գոյություն ունեցող շրջակա միջավայրի ազդեցության գնահատականում համակարգը ունի բացեր, կան խոցեր: Ավելին, բնապահպանության նախարարը, ինչպես Փաշինյանն ասաց, իրեն չի երաշխավորել, որ հանքավայրի վերաբերյալ շրջակա միջազվայրի ազդեցության գնահատականը ճիշտ է տրված:
Վարչապետի խոսքով՝ խնդիրն այսպես ձգձգվեց, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հրաժարվել է համագործակցել կառավարության հետ:
«Եթե հիշում եք, ես գնացի Ջերմուկ, հավաքեցի բոլոր երեք կողմերին, ասացի՝ ժողովուրդ ջան, եկեք միասին աշխատենք, փաստերի հիման վրա: Իմ պրոբլեմն այն է, որ ես չունեմ որևէ հենք՝ որոշում կայացնելու համար: Ես չեմ կարող մոտավորապեսով կամ աչքաչափով կայացնել որոշում և ինչ կլինի եզրակացության մեջ, կառավարությունը կյանքի կկոչի», - նշեց վարչապետը: