28/03/2019 13:15
ՀԱՊԿ-ում, թույլ տվեք ասել, որ հարգանքը մեր նկատմամբ մեծացել է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը չի ձախողվել:
Այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը ձախողվել է, Փաշինյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞վ ենք ձախողվել ու հայտարարեց. «Ընդհակառակը, ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք, որովհետև ՀԱՊԿ-ում այսօր մեր ձայնը լսելի է, մենք ասում ենք մեր ասելիքը ու մեր նկատմամբ, թույլ տվեք ասել, որ հարգանքը մեծացել է»:
Կառավարության ղեկավարը նկատեց, որ իր համար ՀԱՊԿ-ում Հայաստանի դերի գնահատման չափանիշ չէ այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնը մեր երկիրը կորցրել է: Սակայն նկատեց նաև, որ ինքը չի կարող այլ անձանց արգելել դա դարձնել գնահատման չափանիշ:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Յուրի Խաչատուրովն էր, որ նկատմամբ մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի առաջադրումից հետո նա պաշտոնանկ արվեց, և Հայաստանը կորցրեց այդ ժամանակավոր պաշտոնը ՀԱՊԿ-ում: