28/03/2019 13:18
Մենք նախանձախնդիր ենք երկրի ինքնիշխանության պաշտպանության հարցում. Վարչապետը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը հանդես է գալիս ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան, զրո արձագանք է տվել Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ իրադարձություններին, որոնք ուղնուծուծով ժողովրդավարակն էին, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկումներին:
Վարչապետն ասաց, որ ինքն այս մասին խոսել է նաև ԱՄՆ ներկայացուցիչների հետ:
«Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը պետք է Ա կետից փոխարինենք Բ կետով: Մենք ինքնիշխանությանը շատ լուրջ ենք վերաբերում: Ես ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ մեր կառավարությունը նախանձախնդիր է երկրի ու ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ուղղություններով», - հայտարարեց վարչապետը: