29/03/2019 12:31
ԱԺ նիստը չի կայացել, առաջանում է իրավական վակուում. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի կարող ասել քաղաքակա՞ն պատճառներով ԱԺ նիստը տապալեց մեծամասնությունը, թե՞ ոչ։
Նրա խոսքով՝ մինչև ապրիլի 1-ը՝ ՍԴ սահմանած ժամկետը, անհնար է, որ ԱԺ նիստ կայանա։
Մեր հարցին, թե ըստ էության ՍԴ-ի պահանջը չի կատարվում, չի՞ առաջանում իրավական վակուում, Պետրոսյանը արձագանքեց. «Ես չեմ կարող ինձ դրա համար պատասխանատու համարել։ Այո, իրավական վակուումը մնում է չփակված»։
Ի դեպ, Պետրոսյանին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրավիրել էր խորհրդակցության իր մոտ, բայց նա ասաց, թե չգիտի՝ ինչ պատճառով է ԱԺ խոսնակը իրեն հրավիրել իր աշխատասենյակ:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավոր մեկնել է Արցախ և այդ պատճառով էլ այսօր ԱԺ արտահերթ նիստը չկայացավ, քվորում չեղավ։
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթեները: այս նախագծերի ընդունման վերջնաժամկետ Սահմանադրական դատարանը սահմանել էր մինչև ապրիլի 1-ը, հակառակ դեպքում, ըստ մասնագետների, կարող է առաջանալ իրավական վակուում: