29/03/2019 18:01
Կլինի մեծ ու աղմկահարույց դատավարություն. Կոնստանտին Օրբելյանը համարում է, որ իրեն անօրինական են ազատել տնօրենի պաշտոնից
Միգուցե Նազենի Ղարիբյանը չի էլ իմացե՞լ, որ մենք երեկ չէ առաջին օրը «Արտավազդ» մրցանակ ենք ստացել, դա ինձ համար զարմանալի չի լինի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ ընդամենը մեկ օր առաջ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ մրցանակակիր դառնալուց հետո իրեն ազատեցին թատրոնի տնօրենի աշխատանքից, պատասխանեց Կոնստանտին Օրբելյանը:
«Այս ամենն ինձ շատ հետաքրքիր է: Այն ամենն, ինչ մենք արել ենք վերջին մեկ ու կես տարվա ընթացքում՝ իմ տնօրինության ժամանակ, ուղղակի աննախադեպ է ցանկացած թատրոնի համար: Հյուրախաղեր, նոր ներկայացումներ, այդ թվում հենց «Արտավազդ»-ը շահած «Չիպոլինո»-ն, որն անձամբ հենց Մեծ թատրոնից եմ գնել: Եթե այն չգնեի և չբերեի մեր թատրոն, ապա այսօր այսպիսի մրցանակ չէինք ունենա», - ընդգծեց հեռացված տնօրենը:
Կ. Օրբելյանը նկատեց՝ Նազենի Ղարիբյանի անհատական որոշումն է, որ իրեն անօրինական են նշանակել տնօրենի պաշտոնում.
«Անձամբ նա է համարում, որ պետությունը սրանից մեկ ու կես տարի առաջ իրավունք չի ունեցել ինձ նշանակելու: Թող ինձ ցույց տան փաստաթուղթ, որ 2017 թվականի հուլիսի 29-ին՝ իմ նշանակման օրը, հայոց լեզվին տիրապետելու մասին որևէ կետ կար: Միգուցե ես նրան ուղղակի դուր չե՞մ գալիս, չգիտեմ: Նա շուրջ 9 ամիս ինձ առաջարկում էր, որ հեռանամ, բայց ես ասել եմ՝ ոչ: Ես եկել եմ աշխատելու ու պարտականություններ ունեմ»:
Իր հետագա քայլերի մասին Օրբելյանն արդեն մտածել է: Կշարունակի՞ պաշտոնավարել որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար, թե ոչ՝ պատասխանեց՝ դեռևս այստեղ եմ:
Ասում է՝ այս երկրում բոլորը սիրում են, որ կոլեկտիվ որոշումներ կայացվեն. կոլեկտիվն է որոշում՝ ինչպես կառավարվի երկիրը, թատրոնը և այլն:
Պաշտոնանկ արված տնօրենը խոստացավ՝ լինելու է մեծ ու աղմկահարույց դատավարություն, քանի որ իր ազատման որոշումը անօրինական է:
Հիշեցնենք, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Aysor.am-ի հետ զրույցում Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանն ընդգծել էր, որ 2017 թվականին Օրբելյանի նշանակումը եղել է օրենքի առնվազն երկու կետի խախտմամբ: