29/03/2019 22:50
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի պաշտպանություն Կ. Օրբելյանի
Մարտի 30-ին, ժամը 16։00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանի, այս մասին տեղեկանում են Օպերայի թատրոնի պաշտոնական էջից:
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն իր վրդովմունքն է հայտնում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը։
Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին, ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին։
Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական, միչև ՀՀ մշակույթի նախարարությունն ականջալուր լինի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների, այս դեպքում՝ նաև բարձր արվեստը ներկայացնող ԱՐՏԻՍՏՆԵՐԻ արդարացի պահանջին»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Aysor.am-ի հետ զրույցում Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանն ընդգծել էր, որ 2017 թվականին Օրբելյանի նշանակումը եղել է օրենքի՝ առնվազն երկու կետի խախտմամբ: Կ. Օրբելյանն էլ իր հերթին պնդում է, որ իր ազատման որոշումն է անօրինական, ու անպայման դատական գործընթաց կսկսվի: