29/03/2019 21:57
Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում հեղափոխություն է եղել, բայց հանդիպումը դրական էր. Նիկոլ Փաշինյան
Դրական եմ վերաբերում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, այսօր Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե չի կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն, բայց կարևոր է, որ սկսվել է գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել երկուստեք օրակարգերի ու պատկերացումների մասին:
«Հանդիպումը գնահատում եմ դրական, հույս ունեմ՝ նախագահ Ալիևն էլ այն կգնահատի դրական: Ուզում եմ կարևոր մի նրբության անդրադառնալ, որ երբ ասում եմ՝ հանդիպումը դրական եմ գնահատում, չի նշանակում, թե այս հանդիպման ընթացքում եղել է որևէ մեկի հաղթանակ կամ պարտություն: Երևի միչև հիմա նման տրամաբանությամբ են մոտեցել խնդրին: Այս խոսակցության կարևոր մասն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ ու հայտարարել՝ ես հաղթեցի, մյուս կողմը պարտվեց:
Սկսվել է խոսակցություն, որի մեջ կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: Կոնֆլիկտն ունի խորը արմատներ ու կարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ հասկանանք՝ պարզ խնդրի հետ գործ չունենք: Կարևոր է, որ լինի մի մթնոլորտ, երբ կբարձրաձայնեն՝ ինչ ենք մտածում, կարող ենք արդյոք խոսել, կարող ենք խոսել այնպես, որի հիմքում չլինի իրար վնասելու կանխավարկածը, կարող ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ շփման գծում գտնվող գյուղերում մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքով՝ առանց մտածելու, որ իրենց կոչնչացնեն դիպուկահարները», - հայտարարեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ նախագահ Ալիևի գնահատականները իր հետ հանդիպումից հետո չեն տարբերվի իր հնչեցրած գնահատականներից: