29/03/2019 16:46
Եթե Օրբելյանին հանում են, մեզ կարող են հանել ու հանել. Ագնեսա Շահնազարյանը չի շարունակի աշխատանքը Վանաձորի թատրոնի տնօրենի պաշտոնում
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ մարտի 28-ի հրամանով աշխատանքից ազատվել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը: Aysor.am-ի հետ զրույցում արդեն նախկին տնօրենն ընդգծեց՝ իր պայմանագրի ժամկետը լրացել է, նախարարությունն էլ նախընտրել է այն չերկարաձգել՝ ազատման հրամանն ուղարկելով իրեն:
«Թեպետ, ես իսկապես արդեն հոգնել եմ այս ճանապարհն անընդհատ գնալ-գալուց, բալիկս Երևանում է, ես էլ անընդհատ Երևան-Վանաձոր ճանապարհն եմ կտրում, բայց կարծում եմ՝ նման աշխատող մարդու նկատմամբ այդպես չպետք է վարվեին», - նշեց նա:
Սա, ի դեպ, վերջին մեկ օրվա մեջ արդեն երկրորդ թատրոնի տնօրենի աշխատանքից ազատումն էր. երեկ երեկոյան նախարարի պաշտոնակատարը աշխատանքից ազատել էր նաև Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Ա. Շահնազարյանը ժպիտով նկատեց. «Ինչի՞ մասին է խոսքը, եթե Օրբելյանին հանում են, մեզ կարող են հանել ու հանել»:
Ներկա պահին Ագնեսա Շահնազարյանը գտնվում է Վանաձորում, երեկոյան էլ ներկայացում է խաղալու: Իր ազատման հետ կապված մանրամասների մասին կխոսի առաջիկա ասուլիսի ընթացքում: