29/03/2019 21:14
Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի, հայտարարել է Նազենի Ղարիբյանը
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը քիչ առաջ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ: Վերջիններս Ղարիբյանից պարզաբանումներ էին պահանջում թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին ազատելու մասին որոշման առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատակիցները կրկին հայտարարել են, որ չեն ցանկանում ուրիշ տնօրենի տեսնել թատրոնում: Նրանք ընդգծել են, որ Օրբելյանը մեծ ներդրում է կատարել օպերային արվեստում և իրենց կողմից սիրված ու ընդունված գործիչ է:
Լսելով ներկաներին՝ Նազենի Ղարիբյանը պատասխանել է, որ Օրբելյանին ազատելու իր որոշումն օրենքի պահանջ է եղել: Նա տեղեկացրել է նաև, որ արդեն նշանակել է նոր տնօրենի: «Վստահեցնում եմ, որ ով նշանակվել է, իրոք արժանի է»,- հայտարարել է մշակույթի նախարարի պարտականությունները կատարողը՝ չբացահայտելով նոր տնօրենին:
Հանդիպումից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով. «Պարոն Օրբելյանը նշանակվել է տնօրեն օրենքի խախտումներով: Մենք փորձել ենք այս ամիսների ընթացքում հասկանալ՝ ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Կա օրենքի պահանջ, որը պետք է կատարել»:
Նա նշել է, որ արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններից պարզել են, որ տնօրենն իրավունք չունի այլ աշխատանք զբաղեցնել բացի ստեղծագործական, մանկավարժական և գիտական գործունեությունից: «Մենք միաժամանակ պարզել ենք նաև, որ գեղարվեստական ղեկավարը ղեկավար պաշտոն է, ստեղծագործական չէ: Այսինքն, թյուրիմացաբար մինչև հիմա ընկալվել է այդպես»,- ասել է նա՝ բացառելով այս հարցում որևէ միտումնավոր քայլ:
Լրագրողի հարցին, թե ով է օպերային թատրոնի նոր տնօրենը, Ղարիբյանը պատասխանել է, որ այդ մասին կիմանան երկուշաբթի՝ ապրիլի 1-ին:
168.am-ը գրել է, որ նոր տնօրենը Երևանի Իմ քայլը խմբակցության անդամ Արմեն Սարգսյանն է: Վերջինը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր այդ լուրը: