29/03/2019 23:16
Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ կպահանջի Ղարիբյանից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին
Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է մաեստրոյի հետ:
«Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին: Այս պահին ի գիտություն եմ ընդունել Մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի հրապարակային պարզաբանումները», - գրել է Ա.Թաթոյանը Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Aysor.am-ի հետ զրույցում Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանն ընդգծել էր, որ 2017 թվականին Օրբելյանի նշանակումը եղել է օրենքի՝ առնվազն երկու կետի խախտմամբ: Կ. Օրբելյանն էլ իր հերթին պնդում է, որ իր ազատման որոշումն է անօրինական, ու անպայման դատական գործընթաց կսկսվի: