29/03/2019 12:52
ՀՀ հավաքականը ռուսական շաշկու Աշխարհի գավաթի խաղարկությանը աննախադեպ արդյունք է գրանցել
Մարտի 23-27-ը Թբիլիսիում տեղի ունեցավ ռուսական շաշկու (64 վանդկանոց) աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլը, կայծակնային և արագ շաշկու ժամանակակարգերով:
Մրցաշարին Հայաստանը ներկայացել էր 9 մասնակիցներով: Այս մրցաշարում բացի անհատական հաշվարկից առանձին հաշվարկ էր կատարվում նաև պատանիների, կանանց, վետերանների և մասնակից երկրների միջև:
Հայաստանի ներկայացուցիչներից 10-ամյա Ալեքսանդր Սանթրոսյանը 2-րդն էր կայծականային խաղի պատանիների մրցապայքարում, իսկ նրա եղբայրը` 12-ամյա Անդրե Սանթրոսյանը 3-րդը: Արագ շաշկու մրցմանն Ալեքսանդր Սանթրոսյանը կրկին զբաղեցրեց 2-րդ պատվավոր հորիզոնականը, իսկ 3-րդը 10-ամյա Հակոբյան Տիգրանը:
Վետերանների հաշվարկում Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ, տարեցների Հայաստանի չեմպիոն 68-ամյա Արարատ Ասատրյանը կայծակնային խաղում զբաղեցրեց 3-րդ, իսկ արագ շաշկիում՝ 2-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկով գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը, որն աննախադեպ է շաշկու Հայաստանի ողջ պատմության ընթացքում:
Թիմի կազմում հաջող հանդես եկավ Հայաստանի բազմակի չեմպիոն, IDF վարպետ Նշան Ալավերդյանը՝ կայծակնայինում վաստակեց՝ 11 միավոր, իսկ արագում՝ 9 միավոր:
Կայծակնայինում արդյունավետությամբ 2-րդը Աղասի Տերտերյանն էր 9 միավորով, 8-ական միավոր հավաքել էին Սանթրոսյան Ալեքսանդրը, Ասատրյան Արարատը և Երեմյան Հայկը (Տավուշի մարզ): Իսկ արագում արդյունավետությամբ 2-րդը Արարատ Ասատրյանն էր՝ 7 միավոր , 6-ական միավոր էին վաստակել Տերտերյան Աղասին, Գագիկ Գրիգորյանը, Երեմյան Հայկը և Սանթրոսյան Ալեքսանդրը:
Կայծակնայինում անհատական հաշվարկում Նշան Ալավերդյանը գրավեց 6-րդ հորիզոնականը, Աղասի Տերտերյանը 16-րդն էր, իսկ Ալեքսանդր Սանթրոսյանը՝ 18-րդը:
Արագում Նշան Ալավերդյանը՝ 7-րդն էր, Արարատ Ասատրյանը՝ 17-ը, իսկ Աղասի Տերտերյանը՝ 19-ը:
Նշենք նաև որ կայծակնային մրցակարգում 3+2 խաղում էին ռուսական շաշկու, իսկ արագում ՝5+3 բրազիլական շաշկու կանոններով:
Նշենք նաև, որ կայծակնայինում Նշան Ալավերդյանը 9 տուրերում կրեց միայն մեկ պարտություն, այն էլ ժամանակով զիջեց մրցաշարի առաջին համար Անդրեյ Գնելիցկուն, տարավ 3 հաղթանակ և գրանցեց 5 ոչ-ոքի: Ոչ-ոքիներց մեկը գրանցեց երիտասարդների աշխարհի գործող չեմպիոն Դմիտրի Մելնիկովի հետ մրցամարտում:
Առաջին պարտիայում Նշան Ալավերդյանը հաղթել էր, իսկ 2-րդ պարտիայում նախ բաց թողեց հաղթանակը 16-րդ քայլում, ապա ցեյտնոտում հավասար դիրքում սայթաքեց և 2-րդ պարտիան տանուլ տվեց:
Իսկ արագ շաշկիում Նշան Ալավերդյանը անպարտելի էր՝ 2 հաղթանակ, 5 ոչ-ոքի:
Ստուգատեսին մասնակցում էին նաև Ալավերդյանի 6 սաները՝ Աղասի Տերտերյանը, Ալեքսանդր Սանթրոսյանը, Անդրե Սանթրոսյանը, Տիգրան Հակոբյանը, Նարեկ Միրզաբեկյանը և Գագիկ Գրիգորյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում մեր մարզիկների գլխավոր մարզիչն էր շաշկու Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը: Միջազգային ֆեդերացիայի` IDF նախագահ Վլադիմիր Լանգինի հետ երկարատև բանակցություներից հետո նա պայմանարվածություն է ձեռք բերել առաջիկայում Հայաստանում համապատասխան անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում կազմակերպել պատանիների շաշկու Եվրոպայի առաջնությունը: