30/03/2019 17:01
Այն մարդը, որը չի ճանաչում իր նվիրյալներին, իրավունք ունի՞ լինել նախարար. Արամ Սաթյան
Մշակույթի նախարարությունն այսօր կոռուպցիայի տեղ է դարձել, ստեղծում է նոր օրենքներ, որոնք խախտում են ազատ մտածելակերպին, այսօր Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։
«Մշակույթի նախարարության անելիքն այն պետք է լինի, որ ամեն ինչ անի, որ արվեստագետները ստեղծագործեն։ Արվեստագետն ամենափխրուն անձնավորություններից մեկն է, որի ստեղծագործությունների դիմաց ժողովուրդը ծափ է տալիս», - ասաց Արամ Սաթյանը։
Նա նշեց նաև, թե Կոնստանտին Օրբելյանը նվիրյալ է, նվիրյալներին պետք է բարձրացնել, այլ ոչ թե փորձել ինչ-որ բանով խանգարել։
«Մարդ, որը թողել է իր բարեկեցիկ կյանքն ու հնարավորությունները, եկել է Հայաստան, ուզում է օգտակար լինել և օգտակար է մեր մշակույթին։ Կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք՝ արդյոք այն մարդը, որը չի ճանաչում իր նվիրյալներին, իրավունք ունի՞ լինել նախարար, և նա որոշի կենսագրությունն այն արվեստագետների, որոնք իրենց արվեստով բարձրացնում են հայ ազգին», - հայտարարեց Արամ Սաթյանը։
Իր խոսքի վերջում մշակույթի նախարարությանը և այլ կազմակերպություններին Արամ Սաթյանը հիշեցրեց Առնո Բաբաջանյանի խոսքերը. «Չմոռանաք՝ ձեր աշխատավարձը մենք ենք տալիս»։