01/04/2019 10:38
Օպերայի անձնակազմի 7 հոգանոց խումբը հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց մեկնարկել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի բողոքի ակցիան՝ ի աջակցություն թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ պահանջում են նաև Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը։
Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ իջավ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, որից հետո որոշում կայացվեց, որ ակցիայի 7 մասնակիցներից կազմված խումբը կարող է ներս մտնել ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս պահին հանդիպումն ընթանում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը։