01/04/2019 12:51
Խնդիր ունենք արժանապատիվ խաղաղության հասնելու. Անդրանիկ Քոչարյան
Հայաստանը մշտապես ունեցել է այն դիրքոշորումը, որ հակամարտության հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ, լրագրողների հետ ճեպազրույում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը կարելի է վերաձևակերպել որպես «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։
«Երբեք չենք ուզեցել և չենք ուզում պատերազմ, մեր դիրքորոշումներն ու հայտարարությունները մշատապես եղել են միտված խաղաղության», - ասաց նա։
Նախարարի հայտարարությանն անդրադարձավ նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ զինադադարի կնքմանը Հայաստանը հասել է խաղաղություն պարտադրելով:
«Այսինքն խաղաղության կոնցեպտը մշտապես եղել է մեր ռազմական դոկտրինը։ Այսօր մենք լրացուցիչ որևէ ռազմական խնդիր լուծելու հարց չունենք, արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր ունենք։ Եթե պարոն Տոնոյանն արել է այնպիսի հայտարարություն, որը գուցե չի ընկալվում հիմա, վստահաբար կարող եմ ասել, որ մեր բանակի ստեղծման պահից սկսած՝ մենք լուծել ենք խաղաղության խնդիր։ Ու մեր խնդիրն այսօր վերջնական արժանապատիվ խաղաղության հասնելու գործընթացը մոտեցնելն է այն իրողություններին, որոնց բանակցային գործընթացներում պետք է կարողանանք հասնել», - ասաց նա։