01/04/2019 11:36
Վարչապետը երաշխավորեց, որ այս պահին Օպերայի տնօրենի պարտականությունները «դրսից» որևէ մեկի վրա չեն դրվի. Հարություն Արզումանյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ հետ հանդիպմանը երաշխավորեց, որ այս պահին Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պարտականությունները «դրսից» որևէ մեկի վրա չեն դրվի ու դրանք ժամանակավորապես կկատարի մեր փոխտնօրենը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի բողոքի ակցիայի մասնակից, Օպերայի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
«Այս պահին հանդիպումով բավարարված ենք։ Պարոն վարչապետն ասաց, որ ինչքան էլ ասել էր Նազենի Ղարիբյանը, այս պահին ինքն անձամբ երաշխավորում է, որ Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պարտականությունները «դրսից» որևէ մեկի վրա չեն դրվի ու դրանք կկատարի մեր փոխտնօրենը։ Պայմանավորվել ենք, որ մենք այսօր կստանանք այն օրենքի կետերը, այն խնդիրները, հիմնավորումները, որոնք, այսպես կոչված, կային, ու գրավոր կպատասխանենք դրանց՝ ներկայացնելով հակափաստարկներ», - ասաց Հարություն Արզումանյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ եթե պարզվի, որ ներկայացված փաստարկներից թեկուզ մի կետը կեղծ է, անմիջապես ներկայացնողը կպատժվի և կազատվի աշխատանքից։