01/04/2019 17:02
Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ հոգնել են Էրդողանի իշխանությունից. թուրքագետ
Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պարտությունը ցույց տվեց, որ թուրքական հասարակությունը հոգնել է Էրդողանի իշխանությունից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով այդ երկրում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններին։
«Ինչ վերաբերում է կոնկրետ Ստամբուլին, ապա վերջերս անցկացված հարցումները ցույց էին տվել՝ այստեղ մեծ առավելությամբ հաղթելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության թեկնածուն՝ նախկինում Թուրքիայի վարչապետի և խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Բինալի Յըլդըրըմը, սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում պատկերը կտրուկ փոխվեց», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ինչի՞ մասին է խոսում խոշոր քաղաքներում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության թեկնածուների պարտությունը՝ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց.
«Թուրքիայում տեղի է ունեցել ընտրողների քվեարկելու մտայնության փոփոխություն։ Եթե մինչև այս ՏԻՄ ընտրություններում հիմնականում քվեարկում էին ինչպես մեզ մոտ՝ հաշվի առնելով ասֆալտապատման կամ աղբահանության հարցերը, ապա այժմ թեկնածուներին նախապատվություն տալիս են այլ բաների համար։ Առաջին պլան են մղվում քաղաքական նախընտրությունները, զգացմունքները։ Խոշոր քաղաքների բնակչությունն արդեն ցույց է տալիս, որ ձանձրացել է Էրդողանի կուսակցության՝ 2002 թվականից որպես կառավարող ուժ ներկայությունից և անձամբ Էրդողանից՝ որպես երկրի առաջնորդ։ Դրա համար էլ Անկարայի և Ստամբուլի բնակչությունը նախապատվությունը տվեց ընդդիմադիր կուսակցությանը», - նշեց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանը չբացառեց, որ տարիներ անց նույն միտումները սկսեն նկատվել նաև Թուրքիայի փոքր քաղաքներում։
«Նոյեմբերին այդ երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և հավանական է, որ Էրդողանը կանխազգում է տեղի ունեցող փոփոխությունները։ Սրա համար էր հատկապես նա ուշադրություն դարձնում ՏԻՄ ընտրություններին՝ հասկանալու, թե ինչ ուղղությամբ են այդ փոփոխությունները գնում», - ասաց թուրքագետը՝ չբացառելով, որ նոյեմբերին ընդառաջ՝ թուրքական իշխանությունները Սիրիայում գործողությունների դիմեն՝ ընտրողներին իրենց կողմը գրավելու համար։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում: