01/04/2019 11:40
Գրչի մի հարվածով նման որոշում կայացնելն անընդունելի մոտեցում է. ԲՀԿ պատգամավորը՝ Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին
ԲՀԿ խմբակցության պատագմավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմանը։
«Եթե վեր կանգնելու լինենք կոնկրետ անձանցից, մշակութային ոլորտում տեղի ունեցող դեգրադացիոն գոծընթացները մեզ համար անընդունելի են: Ցանկացած հարցի կարելի է լուծում տալ ու այդ լուծումը գտնել կոմպրոմիսային եղանակով` մինչև այդ խնդրի մասով իրավական լուծումներ գտնվեին», - ասաց Տոնոյանը։
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ կոչ արեց դադարեցնել կրթության ու մշակույթի ոլորտում պրոֆեսիոնալներից ազատվելու պրակտիկային։
«Կանոնադրությունից պարզ կլինի ազատումն օրինական է, թե ոչ, բայց Օրբելյանը վայելել է կոլեկտիվի հարգանքը, աշխարհահռչակ մեծություն է, ու գրչի մի հարվածով նման որոշում կայացնելն անընդունելի մոտեցում է: Ազատողն այն մարդն է, որ գալիս է Ազգային ժողով ու տարական հարցերին չի տիրապետում», - հավելեց Պետրոսյանը։