01/04/2019 11:45
Թե ես, թե Ադրբեջանի նախագահը հանդիպումը գնահատեցինք դրական. պետք չէ փնտրել հաղթածների ու պարտվածների. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ալիևի հետ հանդիպման արդյունքներով պետք չէ փնտրել հաղթածների ու պարտվածների, Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տրամաբանությունը հենց այդպիսին պետք է լինի, եթե, իսկապես, ուզում ենք հասնել հարցի կարգավորմանը», - ասաց նա։
ՀՀ վարչապետն ընդգծեց՝ սա այն նոր մոտեցումն է, որ բերում է բանակցային գործընթաց։
«Շատ տարօրինակ իրավիճակ է, երբ երկու երկրների ղեկավարները ժամերով ունենում են հանդիպում, ու տեղի են ունենում մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են ու սա լրջությունը դնում է կասկածի տակ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Թե ես, թե Ադրբեջանի նախագահը հանդիպումը գնահատեցինք դրական ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանանախագահները նույնպես գնահատեցին դրական», - ասաց Ն. Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց՝ բանակցային գործընթացում հեղափոխություն տեղի չի ունեցել։
«Բայց հանդիպումը դրական եմ համարում, որովհետև հնարավորություն ենք ունեցել մեր օրակարգը քննարկելու։ Առաջարկել եմ, որ այս բանակցային գործընթացում կողմերը չփորձեն փնտրել հաղթողների ու պարտվողների», - նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե խոսակցությունը պետք է լինի հնարավորինս առողջ պայմաններում՝ հիմնված լինելով փոխադարձ հարգանքի վրա։
Նա ասաց, թե հանդիպումից հետո ադրբեջանական կողմերից հնչում են հայտարարություններ, որոնք դուրս են տրամաբանությունից։
«Այստեղ մենք գործ ունենք հին ու նոր ընկալումների հետ, իսկ իրավիճակը այն է, երբ գործընթացից հետո կողմերը փորձում են անել հայտարարություններ, որ կարողացել են դիմացինին ինչ-որ անհաջողությունների բերել», - նշեց նա։