01/04/2019 12:03
Պետք չէ Փաշինյան-Ալիև հանդիպումից դարակազմիկ արդյունքներ սպասել. Ռուբեն Ռուբինյան
Պետք չէ այս հանդիպումից դարակազմիկ արդյունքներ սպասել, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
«Կարևոր էր, որ սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատով առաջին հանդիպումն էր ղեկավարններ միջև, կարևոր էր նաև, որ մեր կողմից վերջին ամիսներին թարմ մոտեցումներ հնչեցվեր և հենց այս համատեքստում էր, որ տեղի ունեցավ հանդիպումը», - նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ սա սպասվելիք մի շարք հանդիպումների մի մասն էր։
Ճշտող հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ չէ՞ր խոսվում մադրիդյան երեք սկզբունքների և այն վեց տարրերի մասին, որոնց մասին ՀՀ կողմը խոսել էր, Ռուբինյանն ասաց.
«Այդ հարցը պետք է տանք վարչապետին, բայց տրամաբանորեն դա պետք է քննարկված լինի։ Պետք չէ ակնկալել, որ մի հանդիպման ընթացքում այդ ամենը քննարկվի»։
Հարցին, հնարավո՞ր է, որ հանդիպման ընթացում երկու երկրների ղեկավարները քննարկել են նոր փաստաթուղթ մշակելու հարցը, Ռուբինյանն ասաց.
«Նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, ինչը տրամաբանական է, որովհետև այս պահին չկա հստակ բովանդակային փուլ, կողմերը խոսում են բանակցություններից, միմյանց ընկալումներից»։
Դիտարկմանը, թե ի՞նչ բնույթ պետք է կրի հումանիտար ոլորտում տարվելիք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքը, Ռուբինյանն ասաց.
«Հումանիտար աշխատանքների մասին Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացում վարչապետը նշել է օրինակներ։ Դրանք պետք է մշակվեն ու հստակություն այս պահին չկա, բայց խոսքը հավասարաչափ երկկողմանի հումանիտար ակցիաների մասին է, որոնք միտված պետք է լինեն փոխվստահության մակարդակի բարձրացմանն ու բանակցությունների համար անհրաժեշտ համապատասխան խաղաղության մթնոլորտ ստեղծելուն»։