01/04/2019 12:20
Վիեննայում քննարկվել է ԼՂ մասնակցության հարցը, բայց կողմերը չեն եկել համաձայնության. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
ԼՂ հարցով բանակցությունները առավել արդյունավետ դարձնելու համար մենք պետք է մոռանանք հին ու կրկնվող տեքստերը, որոնք ցույց են տվել իրենց անարդյունավետությունը, Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ պետք է նոր մոտեցումներով մոտենալ բանակցություններին։
«Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով, ինչը նախանշել էի Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ու այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում», - ասաց նա։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ ու քմահաճույք չէ, այլ՝ գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր։
«Ղարաբաղի մասնակցությունը շեշտելով՝ մենք ընդհանրապես ֆորմատի փոփոխության հարց չենք դրել, համանախագահության ներքո բանակցության ֆորմատը կասկածի տակ չէ», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Վիեննայում քննարկվել է ԼՂ մասնակության հարցը։
«Մենք լրջորեն փաստարկել ենք այս տեսակետը, կողմերը եկե՞լ են համաձայնության, իհարկե չեն եկել, բայց այդ հարցը քննարկումից դուրս չի եկել, քննարկումները մենք պետք է շարունակենք», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ինքը, բանակցություններում որպես նոր մարդ, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պետք է որոշակի բացատրություններ ստանար։
«Այս հարցը բարձրացվել է թե Ադրբեջանի նախագահի հետ քննարկման ժամանակ, թե համանախագահների հետ քննարկման ժամանակ, մենք մեր հարցերի պատասխանները չենք ստացել, որովհետև դրանք շատ ծավալուն հարցեր են ու մի քննարկման ընթացքում, դժբախատաբար, հնարավոր չէ այդ հարցերի պատասխանը ստանալ։ Հետագայում սա պետք է նաև քննարկվի ու այս քննարկումը մենք պատվիրակել ենք մեր ԱԳ նախարարներին», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ քննարկել են նաև հանրություններին խաղաղության նախապատրաստելու հարցը։
«Մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել հումանիտար ոլորտում. փորձել իրականանցել մի շարք միջոցառումներ, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն խաղաղության համար, գործընթացի դրական ֆոնի համար», - ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ երբ Ղարաբաղը ընդգրկվի բանակցային գործընթացում, դա չի կարող լինել ադրբեջանական կողմի պարտություն։
«Որովհետև չի կարող որևէ բանակցություն լինել արդյունավետ, եթե այդ գործընթացում էական ազդեցություն ունեցող որևէ կողմ դուրս է մնում գործընթացից», - ասաց ՀՀ վարչապետը։