01/04/2019 11:19
Մի կետ է գալիս, որ հիմարություններին կողքից նայել չի կարելի, մի գիծ է գալիս, որից հետո պետք է դիմադրել. Մհեր Մկրտչյան
Եկել է ժամանակը, որ վերջապես մեր ձայնը լսեն, կառավարության շենքի դիմաց մեկնարկած ակցիայի ժամանակ Aysor.am-ի թղթակցին ասաց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։
«Վստահ ենք, որ այս հարցը դրական լուծում կստանա, որովհետև Կոնստանտին Օրբելյանն այս պահին մի մարդ է, որն անհրաժեշտ է Օպերային թատրոնին։ Մենք այստեղ ոչ թե քաղաքական հարց ենք բարձրացնում, այլ՝ մշակութային։ Բոլորս այս պահին սատարում ենք մշակույթին և արվեստի մարդուն», - ասաց Արմեն Էլբակյանը։
Այսօր առավոտից Կառավարության շենքի դիմաց մեկնարկել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմի բողոքի ակցիան՝ ի աջակցություն թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի։
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի խոսքով՝ ուղղակի մի կետ է գալիս, որ մշակույթի ոլորտում ակնկալում են խելացի քայլեր։
«Մի կետ է գալիս, որ հիմարություններին կողքից նայել չի կարելի։ Մենք կարող ենք անվերջ իրար հետ խոսելով ձեռք առնել, բայց մի գիծ է գալիս, որից հետո պետք է դիմադրել», - ասաց Մհեր Մկրտչյանը։
Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ նշեց, որ մշակույթին պետք է լուրջ վերաբերվել։
«Շատ է անտեսված ոլորտը, և դա շատ անարդարացի է։ Այստեղ կանգնած մարդիկ իրենց հոգևոր հայրենիքի զինվորներն են, և այդքան իրենց արհամարհել, այդքան իրենց անտեսել ուղղակի չի կարելի», - ասաց Վարդան Մկրտչյանը։
Արդեն տեղեկացրել ենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են նաև Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը։