02/04/2019 10:55
Ապրիլյան պատերազմը նաև զգոնության կորստի պատճառ էր. Անդրանիկ Քոչարյան
Կարծում եմ՝ պետք է դրվի բանակի արդիականացման խնդիրը, մշտական ուժեղացման՝ թե կադրային համալրման, թե սպառազինության, թե պաշտպանական դոկտրինի շրջանակներում նրա ուժն ավելացնելու առումով, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այս պահին առայժմ առճակատման անհրաժեշտություն չեմ տեսնում, գնում է բանակցային գործընթաց, հարաբերական խաղաղ պայմաններ են։ Այս խաղաղությունը պետք է օգտագործել Արցախի և Հայաստանի զինուժն ավելացնելու, ամրապնդելու համար», - ասաց նա։
Անդրադառնալով ՄԱԿ-ի ամբոնից Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթին, որն Ադրբեջանն ավելի ուշ ուժի ցուցադրություն էր որակել, Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց՝ մենք անընդհատ ձգտել ենք խաղաղության, բայց երբ ադրբեջանական հենակետերից հայկական կողմի ուղղությամբ կրակ է բացվել, մենք այլ տարբերակ չենք ունեցել, քան՝ լռեցնելու այդ կրակոցները։
«Մենք միշտ պետք է ձգտենք խաղաղության, բայց հակառակորդը պետք է չունենա հնարավորություն նորից իր հենակետերից կրակի տակ վերցնելու մեր բնակավայրերը։ Մենք պետք է լինենք անխոցելի։ Դրա համար Արցախի և Հայաստանի անվտանգության միասնական համակարգն անընդհատ պետք է ուժեղացվի։ Երբ մենք անընդհատ ասում ենք, որ ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, դա կարծես ինչ-որ տեղ թուլացրեց մեր զգոնությունը։
Ես գնահատում եմ, որ ապրիլյան պատերազմը նաև այդ զգոնության կորստի պատճառ էր։ Բանակը միշտ պետք է լինի զգոն վիճակում, զարգացման փուլում։ Այսօր այդ խնդիրները դրված են, առկա են ծրագրեր։ Դրանք պետք է կարճ ժամանակում տեսանելի լինեն նաև հակառակորդին, որովհետև ուժեղ բանակի առկայությունն է, որ կզսպի ապրիլյան ավանտյուրաների կիրառումը հակառակորդի կողմից», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։