02/04/2019 13:22
Պետք է նաև տրամադրված լինենք, որ եթե նոր պատերազմ եղավ, պետք է նոր տարածքներ ազատագրենք. Էդմոն Մարուքյան
Ապրիլյան պատերազմը մեծ դաս էր մեր պետության, հայ ժողովրդի համար, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Դա մեզ համար մեծ դաս է եղել, որ մեր տնային աշխատանքը լավ կատարենք, մենք տեսել, լսել ենք լոզունգներ, հայտարարություններ, բայց երբ պահը եկավ, բազմաթիվ միֆեր քանդվեցին։ Հիմա պետք է հզորացնել բանակը, տնտեսությունը, որը բանակի թիկունքն է և միշտ պատրաստ լինել նոր պատերազմի, որը մեզ խաղաղություն կբերի։ Երբ մենք պատրաստ ենք պատերազմի, դա հիմնական գրավականն է խաղաղություն ունենալու համար», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա ասաց, թե պետք է աշխատել, որ բանակցություններն ընթանան հակամարտության խաղաղ կարգավորման համար։
«Խնդիրն ուժային լուծում չունի, բայց պետք է նաև տրամադրված լինենք, որ եթե նոր պատերազմ եղավ, պետք է նոր տարածքներ ազատագրենք։ Սրա մասին է եղել նաև պաշտպանության նախարարի հայտարարությունը», - ասաց պատգամավորը։