02/04/2019 15:31
Իմ հայտարարությունը ոչ մի կերպ դուրս չի գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Պաշտպանական ոլորտում միասնական ծրագիր ենք իրականացնում ու իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերութություններից, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում արված իր հայտարարությանը։
«Մեր կառավարությունը պաշտպանական ոլորտում միասնական ծրագիր է իրականացնում և այդ իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս պայմանավորված կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա։ Ես զարմանում եմ, թե մեր հանրությունն ինչի վրա է զարմանում», - ասաց Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում շատ կարևոր խնդիրներ են քննարկվել, մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը խաղաղապահության ոլորտում, ինչն անելու համար Հայաստանն աջակցություն է ստանալու։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ «եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Ինչ է ասել նախարարը, նա ասել է՝ եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»։